Մատչելիության հղումներ

Միջազգային փորձագետը խոսքի ազատության հարցում կարեւորում է դատարանների դերը


Անցած տարի փոփոխված օրենքները առաջադիմական են, բայց միայն օրենքը չի կարող լուծել առաջացած խնդիրները. անհրաժեշտ է, որ լինեն այդ օրենսդրությունը կիրառող դատարաններ: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Article 19 իրավապաշտպան կազմակերպության ավագ իրավախորհրդատու Բոյկ Օբոեւը` անդրադառնալով Հայաստանում անցած տարի զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականցնող օրենսդրական փոփոխություններին:

Փորձագետը Երեւանում մասնակցում է լրագրողների` արտահայտվելու ազատության իրավունքների պաշտպանության խնդիրներին նվիրված սեմինար-քննարկմանը:
Օբոեւը ասում է` եթե լրագրողները չեն կարողանում իրենց պաշտպանելու համար օգտվել օրենքներից, դրանք իմաստազրկվում են: Փորձագետը հույս ունի, որ Հայաստանում այս գիտակցումով լրագրողները, քաղաքական գործիչները, հասարակությունը կկիրառեն օրենքներն այնպես, որ ազատ մամուլը գոյություն ունենա:

Անցած տարի կատարված օրենսդրական փոփոխությունների համաձայն, անձը, ով արատավորված է համարում իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը, կարող է դիմել դատարան եւ վնասի հատուցում պահանջել ներողության, հերքման կամ տուգանքի տեսքով:

Զրպարտության ու վիրավորանքի համար լրատվամիջոցների դեմ ուղղված 10-ից ավելի դատական հայցեր են այժմ դատարաններում գտնվում: Հայցվորները մեծամասամբ ներկա ու նախկին պաշտոնյաներ են, խոշոր գործարարներ: Նրանք հիմնականում իրենց պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված վնասի դիմաց դատարանում պահանջում են փոխհատուցման առավելագույն չափը, որը վիրավորանքի դեպքում հասնում է նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկին, իսկ զրպարտության դիմաց` 2000-ապատիկին: Ավարտված դատաքննությունները ցույց են տալիս, որ չնչին շեղումներով` դատարանները հիմնականում բավարարում են լրատվամիջոցների դեմ ներկայացված պահանջները:

Դատարանում հայտնված լրատվամիջոցների ղեկավարները կարծում են, որ զրպարտության եւ վիրավորանքի մասին օրենքում պետք է փոփոխություններ կատարվեն, առաջին հերթին վերացվեն նման մեծ տուգանքները: Նրանք գտնում են, որ այսպիսով փորձ է արվում սնանկացնել լրատվամիջոցներին:

«Լրատվամիջոցների դեմ դատական հայցեր ներկայացնելը նորմալ պրակտիկա է: Լրատվամիջոցները միշտ պետք է պատրաստ լինեն դիմակայելու դրանց», - այս առնչությամբ ասաց Article 19-ի իրավախորհրդատուն` հավելելով. - «Մտահոգության տեղիք պետք է տա ոչ թե գործերի թիվը, այլ դրանց որակը: Շատ կարեւոր է, թե ինչպես է փոփոխված օրենսդրությունը կիրառվում դատարանների կողմից, արդյոք հաշվի է առնվում արտահայտվելու ազատության իրավունքի պաշտպանությունը»:
please wait

No media source currently available

0:00 0:04:05 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG