Մատչելիության հղումներ

Արտակարգ իրավիճակների նախարարության Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տնօրեն Աշոտ Պետրոսյանը հավաստիացնում է, որ իր պաշտոնավարման 5.5 տարիների ընթացքում վերելակներում ընդամենը 4 դժբախտ պատահար է գրանցվել:

«Եղել է մեկ մահացու դեպք, երեքը` մարմնական վնասվածքներով», - ասաց նա հինգշաբթի կայացած ասուլիսում:

Միայն վերջին ամսվա ընթացքում գրանցվել է 2 դեպք (հացի գործարաններից մեկի վերելակի հորանը ընկած մարդը մահացել էր, իսկ Կողբացի փողոցի շենքերից մեկում 8-ամյա երեխան հորանն ընկնելուց հետո լուրջ վնասվածքներ է ստացել):

Վերելակների տեխանվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով` երեխան մի քանի անգամ տարբեր հարկերում սեղմել է վերելակի կոճակը, ապա, արդեն վերելակի մեջ փակված մնալով, փորձել է դուրս գալ:

«Փորձելով բացել ե'ւ հորանի դռները, ե'ւ խցիկի դռները, երեխան փորձել է դուրս գալ վերելակի խցիկից: Հավասարակշռությունը այդ պահին չի կարողացել պահել, եւ խցիկի հատակի եւ դռների արանքի միջեւ առաջացած խորշով երեխան ընկել է հորանը», - պարզաբանեց Հովհաննիսյանը:

Երեւանի տեխնիկական անվտանգության ծառայության պետ Վլադիմիր Հովսեփյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Երեւան քաղաքի ամենավտանգավոր եւ անսարք վերելակները շահագործվում են Մալաթիա-Սեբաստիա համայնքում:

«1004 վերելակներից 312 բացասական եզրակացություն են ստացել, դրանք վերանորոգման, փոխարինման փուլում են կամ դադարեցված է դրանց շահագործումը», - ասաց Հովսեփյանը:

Մեկ վերելակի փորձաքննությունն արժե 2500 դրամ: Մասնագետների խոսքով` Երեւանի վերելակների 90 տոկոսը ենթարկվել են փորձաքննության: Նրանց մի մասը բացասական եզրակացություն է ստացել եւ այլեւս ենթակա չէ շահագործման: Այն վերելակները, որոնք արտադրվել ու տեղադրվել են 70-80-ական թվականներին, արդեն վաղուց անցել են վաղեմության ժամկետը, թեեւ շարունակվում են շահագործվել:

«Անցյալ տարի փորձաքննության արդյունքում 462 վերելակ ստացել են բացասական եզրակացություն», - ասաց Աշոտ Պետրոսյանը:

Երեւանի տարբեր շենքերի բնակիչների խոսքով` իրենք ամսական առնվազն մեկ անգամ գումար են հավաքում վերելակը վերանորոգելու համար, չհաշված վերելակի էլեկտրաէներգիայի գումարը, որը տարբեր շենքերում տատանվում է 200-500-ական դրամի սահմաններում:

Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչներն ասում են, որ վերելակների շահագործումն իրականացնում է համատիրությունը, որն էլ պատասխանատու է վերելակի անվտանգ շահագործման համար: Իսկ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնը տարեկան ընդամենը մեկ անգամ է փորձաքննություն կատարում:

«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի համաձայն` արտադրական վտանգավոր օբյեկտները, որոնց մեջ են մտնում նաեւ վերելակները, ռեեստրում չգրանցելու եւ փորձաքննության չներկայացնելու դեպքում նշանակվում է տուգանք` 1 միլիոն դրամի չափով` յուրաքանչյուր օբյեկտի համար: Արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցչի խոսքով` արդեն տուգանվել են 180-ից ավելի օբյեկտներ:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG