Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքագետը Կազանի հանդիպումից վերջնական համաձայնություն չի ակնկալում


Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը Սոչիում, 05 մարտ, 2001

Նախագահներ Մեդվեդեւի, Սարգսյանի եւ Ալիեւի հանդիպումը Սոչիում, 05 մարտ, 2001

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը ամենեւին տպավորություն չունի, թե ղարաբաղյան հակամարտության կարգավորման նորագույն սկզբունքների հարցում Երեւանի եւ Բաքվի միջեւ արդեն իսկ համաձայնություն կա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բերնար Ֆասիեն չորեքշաբթի օրը Եվրախորհրդարանում ղարաբաղյան հարցի վերաբերյալ տեղի ունեցած լսումների ժամանակ հայտարարել էր, թե Սոչիում մարտի սկզբին Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ վերջին հանդիպման ժամանակ հաջողվել է բանավոր համաձայնություն արձանագրել:

«Հուսով ենք, որ այդ համաձայնությունը կամրապնդվի գրավոր տեսքով շատ մոտ ապագայում», - ասել էր ֆրանսիացի միջնորդը:

Այս լսումների ժամանակ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն եւ Ռոբերտ Բրադկեն Կազանի գագաթաժողովին արձանագրվելիք առաջընթացը համարել են «շատ հնարավոր»:

Մանվել Սարգսյանի խոսքերով` վերջին շրջանում կողմերի հնչեցրած հայտարարությունները բավական իրարամերժ են համաձայնության կայացման հնարավորության մասին խոսելու համար:

«Տպավորություն չի մնում, որ Ադրբեջանը համաձայն է: Շատ տարբեր են նրանց ելույթները եւ անընդհատ Հայաստանին են ուղղում սլաքը, ասելով` եթե Հայաստանը իրեն կոնստրուկտիվ պահի… «Եթե»-ն ո՞րն է», - հարցնում է վերլուծաբանը ու եզրակացնում .- «Այսինքն չի երեւում, որ կողմերը ուրախությամբ գնում են Կազան այն հույսով, որ իսկապես կանգ են առնելու այդ փաստաթղթի վրա»:

Քաղաքագետն այլ հակասություններ էլ է մատնանշում: Օրինակ, Ադրբեջանի արտգործնախարարը խոսում է միջազգային խաղաղապահների հարցում ձեռք բերված ինչ-որ համաձայնության մասին, ինչին հաջորդում է Հայաստանի արտգործնախարարի հերքում, կամ հայկական կողմը խոսում է Մոսկվայում կայացած բանակցություններում ձեռք բերված առաջընթացի մասին, մինչդեռ նույնը չի ասում պաշտոնական Բաքուն:

«Ադրբեջանական կողմը նշեց, որ համաձայնության չկա Ղարաբաղի միջանկյալ ստատուսի հարցում, ռեֆերենդումի հարցում, եւ արդեն այդ հանդիպումներից հետո Ադրբեջանը ասաց, որ մի շարք հարցեր մնացել են բաց», - մատնաշնում է քաղաքագետը:

Սարգսյանի կարծիքով` այսչափ ակնհայտ հակասությունների պարագայում դժվար է Կազանում վերջնական համաձայնություն ակնկալելը, հատկապես որ բանակցվող սկզբունքներին դեռ իր համաձայնությունը պետք է տա նաեւ ղարաբաղյան կողմը:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով` ֆրանսիացի միջնորդի կողմից կողմերի միջեւ կայացած բանավոր համաձայնության մասին Եվրախորհդարանում բարձրաձայնելը հակամարտող կողմերի նկատմամբ միջազգային հանրության ճնշման հերթական մի դրսեւորում է: Ըստ նրա` սա մի հանգամանք է, որը միանգամայն տեղավորվում է անցյալ ամիս ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների կողմից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Դովիլում ընդունած հայտարարության տրամաբանության մեջ:

«Դովիլյան հայտարարության մեջ ասված է, որ հարցի արհեստական ձգձգումը կվկայի, որ կողմեր խուսափում են հարցի կարգավորումից», - ասաց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով` ինչ որ տեղ հասկանալի է, որ վերջին շրջանում միջնորդների կողմից հնչեցվող որոշակի լավատեսության ֆոնին կողմերը հաճախ նաեւ իրարամերժ հայտարարություններ են անում:

«Իհարկե գույների խտացում բոլորի կողմից կա, եւ գույները խտացվում են այն ուղղությամբ, որ ձեռնտու է այդ հայտարարություններն անողին: Ես կարծում եմ, որ նման դեպքերում ճշմարտությունն ինչ-որ տեղ մեջտեղում է, գուցե մի փոքր աջ կամ ձախ շեղումներով», - ասաց քաղաքագետը:

Նա նաեւ կարծում է, որ Կազանում կողմերը ինչ-որ փաստաթուղթ, այնուամենայնիվ, կստորագրեն. - «Բարդ է ասել, թե դա ինչ իմպերատիվներ պարունակող փաստաթուղթ կլինի, դա կարող է որոշվել նույնիսկ օրվա, ժամերի ընթացքում ի հայտ եկած գործոնների ազդեցության ներքո»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG