Մատչելիության հղումներ

Գյումրին պատրաստ է միջոցներ հատկացնել Մինասի որմնանկարների վերականգնման համար


Գյումրիի կենտրոնական հրապարակը
Գյումրիի կենտրոնական հրապարակը
Գյումրիի քաղաքապետարանը կառավարությանը մեղադրում է Մինասի որմնանկարների հարցով քաղաքային իշխանությունների ջանքերը անտեսելու մեջ:

Քաղաքապետարանի մամուլի քարտուղարությունը այսօր հաղորդագրություն է տարածել, որտեղ ասվում է, որ դեռեւս 2009 թվականից Գյումրիի քաղաքապետը Մինաս Ավետիսյանի որմնանկարների ճակատագրի եւ դրանք փրկելու իր առաջարկների վերաբերյալ տարբեր գրություններով դիմել է մշակույթի նախարարին:

Ավելին` քաղաքապետարանը 2010 թվականին վարչապետին եւ մշակույթի նախարարին ուղղված գրությամբ տեղեկացրել է, որ պատրաստ է համայնքի բյուջեից տրամադրել գումար որմնանկարների փրկության համար, իսկ 2011 թվականի բյուջեով նախատեսել այս նպատակով անհրաժեշտ ֆինանսավորում:

Այդուհանդերձ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Գյումրիում չկան բարձրակարգ մասնագետներ որմնանկարների վերականգնման աշխատանքները իրականացնելու համար, քաղաքապետարանը վերոհիշյալ ատյաններին խնդրել է աջակցել` տրամադրելով համապատասխան մասնագետներ:

«Այս ամենից հետո, ս-թ հունվարի 25-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը հանդիպել է Մինասի որդու` Արման Ավետիսյանի հետ: Քննարկման ընթացքում քաղաքապետը վերահաստատել է իր պատրաստակամությունը որմնանկարների վերականգնման նպատակով գումարների տրամադրման հարցում», - ասված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: - «Սակայն դրական արձագանքներից հետո, մեզ համար անսպասելիորեն հետեւեց կառավարության հայտնի որոշումը` որմնանկարները Արմենիա օդանավակայան տեղափոխելու մասին»:

Քաղաքապետարանն ընդգծում է, որ Գյումրիում նոր-նոր են ի հայտ գալիս հնարավորություններ անդրադառնալու որմնանկարների ճակատագրին` «քանի որ, տարիներ շարունակ գյումրեցիները գերեզմաններ, ապա` կացարաններ էին սարքում, եւ նույնիսկ նման պայմաններում կարողացել են պահպանել մշակութային արժեքները, որոնք այսօր եթե չլինեին, չէր լինի տեղափոխելու որեւէ բան»:

Եզրափակելով` Գյումրիի քաղաքապետարանը հայտարարել է, որ այսօր էլ պատրաստ է անհրաժեշտ միջոցներ տրամադրել որմնանկարների վերականգնման նպատակով, միայն թե դրանք մնան քաղաքում:

Մինաս Ավետիսյանի 2 որմնանկարները («Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ»), հիշեցնենք, ավելի վաղ էին տեղափոխվել Երեւան` կառավարության շենք, եւս երկուսը` «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները, Երեւան են տեղափոխվել օրերս եւ վերականգնվելուց հետո տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում:

Որմնանկարների տեղափոխումը Գյումրիում հասարակական դժգոհության առիթ է դարձել, ստեղծվել է հատուկ հանձնախումբ, որը ստորագրահավաք է նախաձեռնել նկարչի 4 որմնանկարները վերադարձնելու պահանջով:

Օրերս խնդրին անդրադարձել էին Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ նկարչի որդին`«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը, ովքեր հայտարարել էին, որ եթե` «Գյումրին ուզում էր ինչ-որ բան անել որմնանկարների տեղում պահելու համար, պետք է ավելի շատ եւ ավելի շուտ սկսեր զբաղվել այդ հարցով»:
XS
SM
MD
LG