Մատչելիության հղումներ

Վարչապետը Լոնդոնում հանդիպել է տարբեր երկրների հայ գործարարների հետ


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ աշխատանքային այցով ժամանել է Լոնդոն, որտեղ նույն օրը հանդիպել է աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ գործարարների հետ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ աշխարհասփյուռ հայ գործարարների հետ շփումները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե ինչ հնարավորություններ ունի հայ ժողովուրդն առկա մարտահրավերներին դիմագրավելու համար: «Գիտենք, որ այսօր բավական լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած: Խոսքը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլեւ ողջ հայ ազգի մասին է: Ես համոզված եմ, որ մենք կարող ենք միասին մտածել, թե ինչ համատեղ ծրագրեր կարող ենք իրականացնել», - ասել է վարչապետը:

Տիգրան Սարգսյանը հայ գործարարներին է ներկայացրել Հայաստանի բիզնես միջավայրը, ներդրումային ծրագրերի հեռանկարները, ինչպես նաեւ տարածաշրջանային հարցեր, որոնք անմիջականորեն առնչվում են երկրի տնտեսությանը: Արծարծվել են նաեւ բարեփոխումների այն ծրագրերը, որոնք այժմ իրականացվում են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG