Մատչելիության հղումներ

Վեհափառը ավարտեց այցը Վրաստան


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ եւ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, Թբիլիսի, 11-ը հունիսի, 2011թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ եւ Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդ, Թբիլիսի, 11-ը հունիսի, 2011թ.
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի Վրաստան կատարած միջեկեղեցական եւ հովվապետական այցի ավարտին այդպես էլ որեւէ գրավոր փաստաթուղթ չստորագրվեց Հայաստանի եւ Վրաստանի հոգեւոր առաջնորդների միջեւ, ինչպես նախապես ենթադրվում էր:

Երկու եկեղեցիների կողմից էլ եղել են նախապես մշակված գրավոր նախագծեր, սակայն, ինչպես չորեքշաբթի օրը համատեղ ճեպազրույցում ասացին երկու հոգեւոր առաջնորդները, կողմերի առարկությունների շուրջ վերջնական համաձայնության այդպես էլ չեկան:

Պատրիարքներն ասացին, որ քննարկումները կշարունակեն` հետագայում համաձայնություն ձեռք բերելու ուղղությամբ: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչու համաձայնություն չկայացավ այն դեպքում, երբ երկու կողմերն էլ կարեւորում էին բարձրացված հարցերը, եւ ակնկալիք կար, որ այս այցելության ընթացքում դրանք կլուծվեն, Վրաց ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Իլիա երկրորդը պատասխանեց. - «Ես կարծում եմ, մենք [երկու պատրիարքները] նույն բանն ենք ասում, բայց տարբեր ձեւակերպումներով»:

Նախնական տարբերակներում հայկական կողմը պահանջել էր նախ իրավաբանական անձի կարգավիճակ տալ Վիրահայոց թեմին: Այս առթիվ վրացական կողմը նշել էր, թե հայկական եկեղեցին Վրաստանում կունենա այն կարգավիճակը, ինչ կարգավիճակ որ կունենա վրացական եկեղեցին Հայաստանում: Սակայն Ամենայն Հայոց կաթողիկոսը հավաստիացնում է, որ վրացական փոքրաթիվ համայնքը Հայաստանում երբեւէ չի դիմել գրանցվելու համար, այլապես դրա համար որեւէ դժվարություն չէր առաջանա: Ի տարբերություն Վրաստանի` Հայաստանում կա կրոնական կազմակերպությունների գործունեությունը կանոնակարգող օրենսդրություն:

Հայկական կողմի մյուս պահանջը վերաբերում էր Վրաստանի` փլուզման եզրին գտնվող հայկական եկեղեցիների վերադարձմանն ու դրանց վերականգնմանը: Այս կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը կարեւոր համարեց Վրաստանի նախագահի մոտ տեղի ունեցած հանդիպման արդյունքը: Միխեիլ Սահակաշվիլին հավաստիացրել է, որ արդեն իսկ ձեռնամուխ են եղել հայկական եկեղեցիների վերականգնմանը, եւ որ անհրաժեշտ խնամք եւ հոգատարություն է դրսեւորվելու` փլուզման վտանգը վերացնելու համար:

Ճեպազրույցում Իլիա երկրորդը շեշտեց, թե եկեղեցիների վերականգնման պարտավորությունը պետք է երկկողմանի լինի:

«Հայկական եկեղեցիները կվերանորոգվեն վրացական եկեղեցիները Հայաստանում վերականգնելու դեպքում: Եթե Վրաստանը վերականգնում է հայկական եկեղեցիները, Հայաստանն էլ պետք է վրացական եկեղեցիները վերանորոգի ու խնամի», - ասաց վրաց պատրիարքը: Այսինքն, վրացական կողմը շարունակում է պնդել, որ Հայաստանի հյուսիսում գտնվող քաղկեդոնական 6 վանքերն ու տաճարները վրացական են:

Ամենայն Հայոց կաթողիկոսն այս դեպքում անհամաձայնություն արտահայտեց` ասելով, որ վրացական կողմը պետք է ներկայացնի հիմնավորումներ, որոնք հավաստեն, թե դրանք վրացական են:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին` արդյոք վրացական կողմը պատրա՞ստ է ներկայացնել այդ հիմնավորումները, Իլիա երկրորդը պատասխանեց. - «Այո, պատրաստ ենք»:

Գարեգին երկրորդ կաթողիկոսը հավելեց. - «Իհարկե, պատմական հուշարձանների վերականգնումը պետք է երկրների պարտավորությունը լինի, սակայն նախ հարկ է քննության առնել` դրանց պատկանելությունը պարզելու համար»:

Վրացական կողմը իրենց փաստաթղթի նախնական տարբերակում նաեւ պահանջել էր ստեղծել հանձնաժողով, որը քննության կառնի թե' Վրաստանում հայկական եւ թե' Հայաստանում, ըստ նրանց, վրացական եկեղեցիների պատկանելության հարցը:

«Մենք պատասխանեցինք, որ նախ պետք է իրենց կողմից ներկայացվեն անհրաժեշտ փաստերը, թե ինչի շուրջ պետք է քննություն իրականացնի հանձնաժողովը: Այնուհետեւ համապատասխան որոշում կկայացվի այդ մասին», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը Վրաստանում էր վեցօրյա այցով: Նա Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա երկրորդի ուղեկցությամբ եռօրյա հովվապետական այց կատարեց նաեւ Ջավախք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG