Մատչելիության հղումներ

Ֆասիե. «Հուսով ենք, որ համաձայնագիրը կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), արխիվ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները (ձախից աջ) Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), արխիվ

Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները թափ են հավաքում, եւ շատ հնարավոր է, որ նախագահների միջեւ Կազանում նախատեսված հանդիպմանը առաջընթաց արձանագրվի: Այդ մասին չորեքշաբթի Եվրախորհրդարանում կազմակերպված լսումներում հայտարարեցին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն:

«Հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակը, որը գտնվում է բանակցությունների սեղանին, մեր կարծիքով՝ արդար է եւ հավասարակշռված, եւ մենք կուզենայինք, որ կողմերը ընդունեին այն Կազանում նախատեսված առաջիկա գագաթնաժողովի ժամանակ», - հայտարարեց Ռոբերտ Բրադկեն՝ ընդգծելով, որ հիմնարար սկզբունքները դեռեւս վերջնական կարգավորման համաձայնագիր չեն, այլ ընդամենը ուրվագծում են խաղաղությունը։

Իր հերթին, բանակցությունների վերաբերյալ որոշ մանրամասներ ներկայացրեց ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն` ընդգծելով, որ սեղանին դրված է 4-5 էջանոց փաստաթուղթ՝ հիմնարար 14 դրույթներով։

«Բանակցությունների տարբեր փուլերում Հայաստանը կամ Ադրբեջանը դեմ են արտահայտվել ներկայացված սկզբունքներին, սակայն Սոչիում վերջին հանդիպման ժամանակ մեզ հաջողվեց որոշակի առաջընթաց, այսպես ասած՝ բանավոր համաձայնություն արձանագրել, եւ մենք հուսով ենք, որ այն կամրապնդվի գրավոր տեսքով՝ շատ մոտ ապագայում», - հայտարարեց ֆրանսիացի համանախագահը։

Վերջինիս խոսքով, խնդրի կարգավորման շուրջ բանակցություններն ընթացել են 3 փուլով:

«Առաջին փուլում փորձ արվեց Ղարաբաղը վերաինտեգրել Ադրբեջանի կազմում եւ դա տապալվեց, քանի որ սպառնում էր Հայաստանի կողմից նոր պատերազմով։ Երկրորդ փուլում՝ 90-ականների վերջից, միջնորդները փորձեցին իրավական տեսք տալ Ադրբեջանից Ղարաբաղի անջատմանը, բայց դա իհարկե տապալվեց՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ։ Երրորդ փուլում միջնորդները առաջարկեցին վերջնական լուծումը գտնելուց առաջ, նախ՝ կարգավորել այն հարցերը, որոնք կարող էին լուծվել։ Եվ այժմ, եթե կողմերը համաձայնության չհասնեն, կնշանակի, որ այս` երրորդ հայեցակարգն էլ է ձախողվել», – հայտարարեց Մինսկի խմբի ներկայիս համանախագահներից ամենաերկարակյացը՝ Բերնար Ֆասիեն։

Հավաստիացնելով, որ խնդրի կարգավորման շուրջ բանակցությունները այժմ ակտիվացել են՝ միջնորդները դիմեցին Եվրամիությանը՝ հորդորելով մեծացնել դերակարատությունը տարածաշրջանում։

«Այս փուլում խնդրի կարգավորման գործող ձեւաչափը՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը հաջողել է անել ամենակարեւորը՝ կանխել պատերազմը եւ ապացուցել է իր արդյունավետությունը։ Սակայն ներկայիս փուլում, երբ մենք փորձում ենք առաջ տանել այս գործընթացը, եւ կարծում եմ՝ ի վերջո հաջողության կհասնենք մոտ ապագայում, իմ կարծիքով, մեծանում է Եվրամիությոան դերակատարությունը», - հայտարարեց ամերիկացի համանախագահը՝ ընդգծելով,– «Երբ մենք սկսենք բանակցությունների այս փուլից անցնել խաղաղության շուրջ համաձայնագրի իրագործմանը, գործունեության նոր հնարավորություններ ու դռներ կբացվեն այլ երկրների, այդ թվում՝ Եվրամիության համար, որը կարող է էական քայլեր ձեռնարկել կողմերի միջեւ վստահության ամրապնդման, ժողովուրդների միջեւ դեմ առ դեմ շփումների, երկխոսության, ինչպես նաեւ տարածաշրջանի վերականգման ու վերակառուցման գործում»։

«Եվրամիության կողմից հիմնական աջակցությունը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդգրկումը տարածաշրջանի՝ Արեւելյան հարեւանության կամ Կովկասի առավել լայն հայեցակարգում», - ընդգծեց Պիտեր Սեմնեբին, ով Եվրամիության նախորդ հատուկ ներկայացուցիչն էր Հարավային Կովկասում։ - «Լեռնային Ղարաբաղը գտնվում է տարածաշրջանի՝ ամենառազմավարական նշանակությունն ունեցող տարանցիկ միջանցքներից մեկի վրա, որից կարող են էականորեն շահել բոլորը։ Եվրամիությունը կարող է լինել այս գործընթացի խթանիչ ուժը»։

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG