Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում անշարժ գույքի գներն իջնում են


Տեսարան Ստեփանակերտ քաղաքից
Տեսարան Ստեփանակերտ քաղաքից
Լեռնային Ղարաբաղում անշարժ գույքի գների նվազման միտում է նկատվում: Ինչպես «Ազաություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց Կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Մաքսիմ Ալեքսանյանը, իջել են ոչ միայն բնակելի շենքերի բնակարանների, այլ նաեւ առանձնատների գները:

«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ նախորդ տարվա համեմատ գների ներկայիս մակարդակը իջնել է մոտ 7.9 տոկոսով, իսկ նախորդ 4-րդ եռամսյակի համեմատ` 2.6 տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Ստեփանակերտում բնակարանների 1քմ-ը միջին արժեքը 230-240 հազար [դրամ] էր, իսկ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 1 քմ-ի միջին գինը 210 հազար է», - ասաց Ալեքսանյանը:

Վերջին օրերին հայաստանյան մամուլում մի շարք հրապարակումներ եղան, ըստ որոնց, Լեռնային Ղարաբաղի անշարժ գույքի գների կտրուկ նվազումը պայմանավորված է ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ակտիվացմամբ:

Ալեքսանյանը հավաստիացնում է, որ գները կտրուկ չեն նվազել, իսկ նվազումն էլ քաղաքականության հետ կապ չունի:

«Ավելի շատ վաճառում են, եւ հիմնականում կապված է այն բանի հետ, որ վերջին տարիներին մեծ քանակությամբ նոր բազմաբնակարան շենքեր են կառուցվում: Դրա հետ կապված ավելացել է առաջնային շուկայի քանակը, եւ այսօրվա դրությամբ առաջարկը պահանջարկից շատ է», - ասաց Ալեքսանյանը` հավելելով, որ Շուշիում էլ ընդհակառակը գները նվազում են եւ անշարժ գույքը այնտեղ մոտ 3 անգամ ավելի էժան է:

Ստեփանակերտում գործող անշարժ գույքի գործակալություններից մեկի տնօրեն Անահիտ Թովմասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ անցած տարիների համեմատ ավելացել են անշարժ գույքի գործարքների, հիմնականում` վաճառքների քանակը:

«Մարդիկ ավելի շատ վաճառում են, քան գնում են: Ուզում են մեծ տունը վաճառել, փոքրը վերցնել, ֆինանսական կամ առողջական հարցերը լուծել: Բնակարան գնելու նրանց ունակությունը նվազել է: Եթե գնորդների քանակը իջնում է, ապա հասկանալի է, որ գինն էլ կիջնի», - ասաց Թովմասյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG