Մատչելիության հղումներ

«Հայպետհիդրոմետ» ծառայության օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը չորեքշաբթի օրը լրագրողներ հետ հանդիպմանը փոխանցեց, որ օդի ջերմաստիճանը առաջիկա հինգ օրերի ընթացքում կբարձրանա 5-6 աստիճանով:

«Եթե նախորդ օրերին հովտային շրջաններում, Արարատյան դաշտում, Մեղրիում գրանցվել է առավելագույն ջերմաստիճանը 28 աստիճան, ապա առաջիկայում այն կհասնի մինչեւ 32-34 աստիճան: Նվազագույն ջերմաստիճանը նույնպես կբարձրանա», - ասաց Պետրոսյանը:

Սակայն Լոռու, Տավուշի եւ Շիրակի շրջաններում տեղումները դեռ կպահպանվեն հատկապես երեկոյան ժամերին: Գիշերը հնարավոր է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ եւ քամու ուժգնացում:

Իսկ հուլիս եւ օգոստոս ամիսներին եղանակը, ըստ մասնագետի, խոստանում է անակնկալներ չմատուցել. - «Հուլիս եւ օգոստոս ամիսներին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից մի փոքր բարձր, եւ ամսական տեղումների քանակը` նորմայից պակաս»:

Այս ամռանը հովտային շրջաններում կգրանցվի 25-26 աստիճան, առավելագույն ջերմաստիճանը կտատանվի 35 -37 աստիճանի սահմաններում:

Եղանակային անակնկալները` կարկտահարումներ, հեղեղումներ, այս տարի արդեն բավականին վնաս են հասցրել գյուղատնտեսությանը: Առաջիկա օրերին, Զարուհի Պետրոսյանի խոսքով, այդ «երեւույթը կթուլանա»:
XS
SM
MD
LG