Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Ադրբեջանի Բիլյասուվարի շրջկենտրոնում բացել են Լեռնային Ղարաբաղում զոհված եւ հետմահու ազգային հերոսի կոչում ստացած ադրբեջանցի զինվոր Իբրահիմովի արձանը։

Ադրբեջանի արդիական պատմության պետական տոներն այս կամ այն կերպ կապ ունեն Ալիեւների իշխող գերդաստանի կենսագրության հետ։

Պետական լրատվամիջոցներն այսօր միահամուռ հաղորդում են, որ 1993 թվականի ամռանը երկիրը փլուզման եզրին էր, իշխանությունը զավթած Ժողճակատի անփառունակ կառավարումը հանգեցրել էր համատարած ճգնաժամի, քաոսի, անորոշության եւ թշվառության։

Ոստիկանները տանուլ էին տալիս հանցագործների դեմ պայքարը, բանակը պարտվում էր հայերին։ Թվում էր, թե քաղաքացիական պատերազմն անխուսափելի է, եւ ահա այդ պայմաններում իշխանություններն ու ժողովուրդը Նախիջեւանում բնակվող Հեյդար Ալիեւին համոզել են վերադառնալ Բաքու։

Հունիսի 9-ին վետերան ղեկավարը ժամանել է մայրաքաղաք։ Հունիսի 15-ին նրան ընտրել են Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ։

Ըստ Ադրբեջանի պետական լրատվամիջոցների քարոզչության, կարճ ժամանակամիջոցում Հեյդար Ալիեւին հաջողվել է կասեցնել պետության քայքայման միտումները, հասարակական-քաղաքական, սոցիալական, տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքում տեղի է ունեցել արմատական բերկում։

Ձեւավորվել է ազգային բանակը, ադրբեջանցիներն ու հայերը 1994 թվականի մայիսին հրադադար են կնքել։ Նույն թվականի սեպտեմբերին աշխարհի առաջատար նավթարդյունաբերող ընկերություններն ու Ադրբեջանը ստորագրել են «դարի պայմանագիրը»։

1994-95 թվականներին Հեյդար Ալիեւը վճռական քայլերով կասեցրել է պետական հեղաշրջման երկու փորձ։

«Հեյդար Ալիեւը մեր հանճարեղ ժամանակակիցն է». այս կարգախոսով են այսօր պատմում հանգուցյալ նախագահի մասին։

Հեյդար Ալիեի` Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու օրը` հունիսի 15-ը խորհրդարանի որոշմամբ հռչակվել է Ազգային փրկության օր։

Այսօրվա տոնական ելույթների ընթացքում անպայման արծարծվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը, հնչեցվում են սպառնալիքներ, թե «եթե Կազանի բանակցություններն էլ արդյունք չտան, մենք ստիպված կլինենք ուժով վերադարձնել Ղարաբաղը»։

day.az լրատվական գործակալության փոխանցմամբ, այսօր Բիլյասուվարում տեղի է ունեցել Ադրբեջանի ազգային հերոս Մուբարիզ Իբրահիմովի արձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Իբրահիմովը դիվերսիոն խմբի երիտասարդ զինծառայող էր, խումբը անցյալ տարվա հունիսի 19-ին հարձակվել է ղարաբաղյան բանակի պահակակետի վրա, Իբրագիմովը զոհվել է։

Նրա դին ադրբեջանցիներին վերադարձնելու խնդիրը լուծվել է միայն 2010-ի նոյեմբերի 6-ին` Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի կրոնական առաջներդների, ապա նախագահների, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահների միջնորդության շնորհիվ։

Իլհամ Ալիեւի որոշմամբ Իբրահիմովին հետմահու շնորհվել է Ադրբեջանի ազգային հերոսի կոչում, նրան ուղարկավորել են Բաքվում Նահատակների ծառուղում։

Այսօր Բիլյասուվարում արձանի բացմանը մասնակցած պետական գործիչներն եւ պատգամավորները մեկնել են Իբրահիմովի ծննդավայր Ալիաբադ, որտեղ ներկա են եղել նաեւ զինծառայողի ընտանիքի համար Իլհամ Ալիեւի կարգադրությամբ կառուցված բնակելի տան բացմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG