Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը դեմ է «հող հանձնելուն»


Ղարաբաղյան պատերազմի մասնակից, վերջերս բանտից ազատ արձակված Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) անդամ Սասուն Միքայելյանը այսօր հրավիրած ասուլիսում նշեց, թե չի կարծում, որ Կազանում հունիսի 25-ին տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպման ընթացքում ինչ-որ բան ստորագրվի, քանի որ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել:

Միքայելյանի համոզմամբ, եթե անգամ Կազանում «ներքին կարգով» ինչ-որ հարց լուծվի, դա հասարակությունից գաղտնի կպահվի: Ինչ վերաբերում է կարգավորման շրջանակներում ազատագրված տարածքների վերադարձին, ապա Սասուն Միքայելյանը հիշեցրեց, որ ինքը ղարաբաղյան պատերազմի տարիներին մասնակցել է գրեթե բոլոր մարտերին եւ անգամ մեկ թիզ հող տալուն դեմ է:

«Ազատագրված տարածքները նույնիսկ եթե հանձնեն, այսօր Ղարաբաղին կարգավիճակ չեն տալու: Եթե այս տարբերակով մենք գնանք, հետո հանրաքվե կայանա Ղարաբաղում, մենք կհայտնվենք Նախիջեւանի կարգավիճակում, կկորցնենք նաեւ Ղարաբաղը: Ես բնականաբար դեմ եմ հող հանձնելուն, որովհետեւ ես իմ ձեռով 500 եղբայր եմ թաղել… իրենք այս ձեւի Հայաստան չէին ուզում», - հայտարարեց նա:

Արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ ՀԱԿ-ի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում կողքին այսօր կանգնած է Սասուն Միքայելյանը, կողմ է խնդրի փոխզիջումային տարբերակին, հետեւաբար` նաեւ տարածքների վերադարձմանը, Սասուն Միքայելյանն ասաց, թե իր անցած ուղին թույլ է տալիս սեփական կարծիքն ունենալ այդ հարցում եւ այն արտահայտել:

Անդրադառնալով իշխանություն-ընդդիմություն հնարավոր երկխոսությանը` երեք տարի անազատության մեջ անցկացրած ՀԱԿ-ի անդամն ասաց, թե իհարկե ողջունում է այդ երկխոսությունը, բայց դրանից որեւէ լավ բան չի սպասում:

Սասուն Միքայելյանը նույնպես նշեց, որ իրենք սպասում են անձամբ նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանին. արդյո՞ք նա պատրաստ է պատվիրակությունների մակարդակով երկխոսել արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ:

«Ինձ թվում է մինչեւ շաբաթվա վերջ պարզ կլինի իշխանական թեւի, այսինքն` առաջին դեմքի տեսակետը», - ասաց նա:

Միքայելյանը անդրադարձավ նաեւ ՀՀՇ-ից բազմաթիվ մարդկանց դուրս գալու եւ նոր կուսակցություն ստեղծելու խնդրին: Նա համաձայն չէ, թե Կոնգրեսի մաս կազմող Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ) պառակտվում է:

Ինչ վերաբերում է Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած «Ազատ ժողովրդավարներ» նորաստեղծ կուսակցությանը` ապա Միքայելյանի խոսքով` ժամանակը ցույց կտա. «այդ կուսակցությունը ձեւավորել են նախկին հհշականնե՞րը, թե՞ այն ձեւավորվել է»:

Հարցին, թե արդյոք այդ գործընթացները չեն ազդի ՀԱԿ-ի վրա, Միքայելյանը հակադարձեց, թե «ՀԱԿ-ն ավելի կհզորանա». - «Ինչքան ՀԱԿ-ը մաքրվի, այնքան ավելի լավ կլինի ՀԱԿ-ի համար»:

Հավելենք, որ Սասուն Միքայելյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին` մեծամասնական ընտրակարգով:
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG