Մատչելիության հղումներ

Մինասի որմնանկարների շուրջ կրքերը չեն հանդարտվում


Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարը Կառավարության շենքում:

Մինաս Ավետիսյանի վերականգնված որմնանկարը Կառավարության շենքում:

Մինաս Ավետիսյանի որմնանկարների` Գյումրիից Երեւան տեղափոխելու շուրջ բորբոքված կրքերը չեն հանդարտվում:

Գյումրիում ստեղծված հատուկ հանձնախումբը ստորագրահավաք է նախաձեռնել նկարչի 4 որմնանկարները վերադարձնելու պահանջով:

Մինաս Ավետիսյանի 2 որմնանկարները («Հանդիպում» եւ «Խաչքարի մոտ»), հիշեցնենք, ավելի վաղ էին տեղափոխվել Երեւան` կառավարության շենք, եւս երկուսը` «Թել են մանում» եւ «Երկանք» որմնանկարները, Երեւան են տեղափոխվել օրերս եւ վերականգնվելուց հետո տեղադրվելու են «Զվարթնոց» օդանավակայանում:

Մինչ հատուկ ստեղծված հանձնախումբը բանակցում էր Մշակույթի նախարարության հետ, որպեսզի որմնանկարները վերանորոգվեն Գյումրիում եւ դրանից հետո միայն տեղափոխվեն, դրանք նույն օրը տեղափոխվեցին Երեւան:

Տարածված հայտարարությամբ հանձնախումբը կատարվածը «գողություն» է որակել:

«[Երեւանից] վերադառնում էինք, մեզ զանգ եկավ եւ ասացին, որ որմնանկարները արդեն տեղափոխել են Երեւան: Եվ այս պրոցեսը եղել է ճիշտ այն պահին, երբ մենք նստած ենք եղել նախարարությունում», - պատմեց հանձնախմբի անդամներից մեկը:

Խնդրին այսօր անդրադարձել են Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը եւ նկարչի որդին`«Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:

«Այս հարցը բարձրացրել են ոչ թե գյումրեցիները, այլ այն բարձրացրել են մի խումբ մարդիկ, որոնք փորձում են պարզապես ինչ-որ չափով խանգարել թե' վերականգնողական աշխատանքներին, թե' արդեն իսկ գոյություն ունեցող կառավարության որոշման իրականացմանը», - նշեց Հարությունյանը:

«Եթե Գյումրին ուզում էր ինչ-որ բան անել որմնանկարների տեղում պահելու համար, պետք է ավելի շատ եւ ավելի շուտ սկսեր զբաղվել այդ հարցով… եւ ստանար կառավարության որոշումը: Հերիք եղավ գյումրեցիների անունից խոսել», - իր հերթին ասաց Արման Ավետիսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում իրենց կարծիքները բարձրաձայնեցին նաեւ շարքային գյումրեցիները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG