Մատչելիության հղումներ

Փաստաբանը «կասկածահարույց» է համարում Նազարյանի վերաբերյալ դատահոգեբուժական եզրակացությունը


Արխիվ - լեյտենանտ Արտակ Նազարյանը
Արխիվ - լեյտենանտ Արտակ Նազարյանը
Անցյալ տարի բանակում մահացած պայմանագրային զինծառայող, 30-ամյա Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ Նազարյանին վերաբերող դատահոգեբուժական եզրակացության նպատակը նրա ինքնասպանության վարկածը պնդելն է:

Սաֆարյանի գնահատմամբ` այդ եզրակացությունը վիճահարույց է: Հունիսի 1-ի եզրակացության մեջ նշված է. - «Արտակ Նազարյանը դեպքին նախորդած ժամանակահատվածում եղել է հոգեճնշված, հուսահատված, ծայրաստիճան տագնապալի վիճակում` սուբյեկտիվորեն դա ընդունելով որպես անելանելի, իսկ կյանքը շարունակելը անիմաստ»: Նազարյանի հարազատները, մինչդեռ, պնդում են, որ տեղի ունեցածը սպանություն է, ոչ թե ինքնասպանություն, կամ ինքնասպանության հասցնելու հետեւանք, եւ որ քննիչները կոծկում են քրեական գործը:

«Գուցեեւ այն փաստարկների շրջանակը, որոնք տրամադրվել էին դատահոգեբանին, պայմանականորեն իրեն կարող էին բերել այս հետեւությանը, որովհետեւ երբ նայում ես նախաքննական մարմնի կողմից կայացված որոշմանը, որԱրտակ Նազարյանին դեպքին նախորդող պահին օրը մի քանի անգամ ծեծի եւ նվաստացման են ենթարկել եւ եթե պայմանականորեն ընդունենք, որ դա ճիշտ է, որպես մարդ` մենք էլ կողքից կարող էինք գալ այդ համոզմունքին, որ հնարավոր է` երիտասարդը այսքանին չդիմանար: Բայց կան նաեւ այլ փաստարկներ: Արդյո՞ք Էլդա Գրինին (եզրակացության հեղինակ փորձագետներից մեկը) հայտնի են եղել մեր կողմից ներկայացված առարկություննները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում էր Սեդա Սաֆարյանը:

Նազարյանի գործը քննող Լեւոն Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյո՞ք փորձագիտական հանձնաժողովին ներկայացրել են տուժող կողմի փաստարկները, պատասխանեց, թե առանձին` որպես այդպիսին տեսակետ չի ներկայացվել, բայց ներկայացվել է ամբողջ քրեական գործը:

«Քրեական գործում առկա են տուժող կողմի միջնորդությունները, դա իրենց դիրքորոշումն արտահայտելու միջոցն է, հետեւաբար գործին ծանոթ ցանկացած անձի համար էլ պարզ է կողմերի դիրքորոշումը», - ասաց քննիչը:

Հոգեբան Էլդա Գրինը օրերս հրավիրված մամուլի ասուլիսում պնդեց նախաքննական վարկածը, թե Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել, ապա անդրադարձավ նրան վերագրվող երկտողին, որը մեջբերված է նաեւ դատահոգեբուժական փորձագիտական եզրակացության մեջ: Երկտողում գրված է հետեւյալը. - «Էս քայլին ես դիմում եմ ստիպված, հոգնած ամեն, ամեն, ամեն ինչից, իմ ծնողների դաստիարակությունից, կյանքում տեղս չգտնելուց, երազել չկարողանալուց: Ոչ ոք մեղավոր չէ, ոչ ոք, միայն ես ու իմ ծնողները»:

Էլդա Գրինը ասուլիսում ասաց, որ ինքը նաեւ ձեռագրաբան է եւ պնդեց, որ երկտողը Նազարյանն է գրել:

«Ոչ մի կասկած չկա, թեեւ ծնողները ուզում են արտասահման ուղարկել, տեսնելու համար արդյո՞ք ինքն է գրել, թե` ոչ, բայց եթե ստիպում են, որ ինքնասպանություն կատարի, երբեմն ստիպում են նաեւ, որ ինքը իր ձեռքով գրի էլ, բայց այդ դեպքում այդպես չէ», - հայտարարեց Գրինը:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն ասում է, որ ի շարս մի շարք հանգամանքների պարզված չեն այս երկտողին առնչվող հարցերը:

«Մինչ օրս այդ գրության մասին մենք միայն թռուցիկ պատկերացում ունենք», - ասում է փաստաբանը` հավելելով, թե իրենք դեռ չեն տեսել երկտողը. - «Թե' առաջին, թե' երկրորդ քննիչից խնդրեցինք մեզ տրամադրել բնօրինակը, բայց առայսօր այդ բլոկնոտի թերթիկը չի տրամադրվել մեզ: Պատճառաբանել են, որ նախաքննության գաղտնիք է»:

Սաֆարյանը տարօրինակ է համարում այն, որ այս գործով կալանավորված հինգ անձանցից մեկը` Հակոբ Մանուկյանը խնդրահարույց պայմաններում է նախաքննական մարմին հայտնի դարձրել նշված երկտողի մասին:

«Ինձ համար դեռեւս բաց է մնացել դեպքից 13 օր հետո օրագիր տալու հանգամանքը: Ի՞նչն է Հակոբ Մանուկյանին դրդել, որ հենց ինքը մտնի Արտակ Նազարյանի գրպանը եւ գրպանից հանի օրագրի մասը: Եթե դա արժանահավատ տարբերակ լիներ ի սկզբանե, Մանուկյանը կթողներ, որ երկտողը նախաքննական մարմինը հաներ Արտակ Նազարյանի գրպանից եւ գուցե մի փոքր հավատ ներշնչեր այդ տեսանկյունից: Եթե մենք ունենք այսպիսի կասկածահարույց փաստական հանգամանքներ եւ փաստեր, այս պայմաններում Էլդա Գրինի եւ մյուսների տված եզրակացությունը կոնկրետ ինձ համար մնում է կասկածահարույց», - ասում է փաստաբանը:

please wait

No media source currently available

0:00 0:04:31 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG