Մատչելիության հղումներ

ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառները վերաբացել են իրենց կրպակները


ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներից մեկը, 14 հունիս
ԳՈՒՄ-ի շուկայի մսավաճառներից մեկը, 14 հունիս
Գումի շուկային հարող մսի փակված վաճառակետերի տերերը սկսել են վերաբացել իրենց կրպակները:

Կրպակները փակվել էին մայիսի 31-ից, քանի որ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն այնտեղ վաճառվող մսի մեջ աղիքային ցուպիկ էր հայտնաբերել: Յոթնօրյա ժամկետում այստեղ միս վաճառողները պետք է սահմանված պահանջներին համապատասխանեցնեին սանիտարական պայմանները: Վաճառականներից շատերը խոստովանեցին, որ մինչեւ այդ միսը սառնարաններում չէին պահում, բայց վարակված մսի վաճառքը բացառեցին:

«Կիսասառանարանային վիճակում էր, մեզանից ոմանք սեղանների վրա էին վաճառում միսը: Կոնկրետ ինձ մոտ սեղանի վրա էր, հիմա` սառնարանների մեջ», - ասաց միս վաճառողներից մեկը` հավելելով, որ տուգանք չի մուծել, սակայն բոլորն էլ «խիստ նախազգուշացում» են ստացել:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ խախտումները շատ էին, իրենք դեռ հանդուրժող են գտնվել անհատ ձեռներեցների հանդեպ եւ հնարավորություն տվել շտկել բացթողումները:

«Անասնաբուժասանիտարական փորձաքննությունը ոչ պատշաճ կարգով է կատարվել, եւ մսի վաճառքի համար նախատեսված տեխնիկական կանոնակարգը հիմնականում խախտվել է, այսինքն սառնարան, արտահագուստ, վաճառողի սանգրքույկ, տաք, սառը ջուր, ջրահեռացում, աղբի հեռացում եւ այլ, որ պետք է պարտադիր պահպանվեն ոչ միայն մսի, այլ նաեւ կենդանական ծագման հումքի վաճառքի ժամանակ», - ասաց Մկրտչյանը:

Մսավաճառներից մեկը, ով իր կրպակն այսօր էր բացել երկշաբաթյա ընդմիջումից հետո, ասաց, որ մեծ վնասներ է կրել: Սննդի անվտանգության տեսուչները ստիպել են անմիջապես փակել կրպակը հենց նույն օրը, եւ եղած մի քանի տասնյակ կիլոգրամ միսը հայտնվել է աղբարկղում:

Մսի վաճառակետերի տերերն ասում են, որ այս օրերին ոչ միայն զրկվել են օրվա եկամուտից, ստիպված եղել գումարներ ծախսել վերանորոգման վրա, կորուստներ կրել, այլեւ կորցրել են իրենց հաճախորդներին: Վաճառողների խոսքով` Երեւանի խոշոր սուպերմարկետները միսը գնում են հենց իրենցից: Գնորդն էլ նույն մսի համար վճարում է ավելի թանկ, արդյունքում` կրկին իրենք են տուժում:

«Առաջ վաճառում էինք 2300 դրամով, հիմա 2300-ով ընդունում ենք ու պիտի վաճառենք 2500-ով, դա էլ մեզ ձեռնտու չէ», - ասում էր մսավաճառներից մեկը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը հայտնեց, որ հետագա խախտումների դեպքում սպասվում են տուգանքներ`օրենքով սահմանված 50-100 հազար դրամի չափով:

«Արձանագրությունները ուղարկել ենք կառավարությունը, կառավարությունից համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում այն տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ, որոնք խախտումներ են թույլ տալիս, կկայացվի տուգանքի որոշում», - ասաց Մկրտչյանը:

Մինչդեռ մսավաճառները վստահ են, որ բոլոր ստուգայցերի ետեւում տնտեսական դրդապաճառներ են թաքնված:

«Ավելի շատ անում են նրա համար, որ սուպերմարկետների գործերը լավանա: Ինչո՞ւ են ուզում փակել, ամեն մի խանութը 10 ընտանիք է պահում, բոլորն էլ ուզում են ապրել», - ասում էր Գումի մսավաճառներից մեկը:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG