Մատչելիության հղումներ

Կրակոցներ Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակում


Երեւանի Գարեգին Նժդեհ հրապարակի տարածքում իրավապահները այսօր հրազենի միջոցով վնասազերծել են մի երիտասարդի՝ 30-ամյա Արամ Ենգիբարյանին, ով կասկածվում է ավազակային հարձակման փորձի մեջ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Ենգիբարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, ենթարկվել վիրահատության, սակայն, գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկանության տեղեկատվության համաձայն, երիտասարդը տարածքի շենքերից մեկի բնակիչներին ներկայացել է որպես ջրմուղի աշխատակից եւ փորձել է մտնել նրանց բնակարանները: Բնակիչներից մեկը զանգահարել է ոստիկանություն, իրավապահների ժամանելուն պես Արամ Ենգիբարյանը դիմել է փախուստի: Ոստիկանները նրան հետապնդել են մինչեւ Գարեգին Նժդեհ հրապարակ, որտեղ, ըստ ոստիկանության պաշտոնական տեղեկատվության, երիտասարդը փորձել է զենք կիրառել ոստիկանների ուղղությամբ։ Ոստիկանության աշխատակիցները սկզբում օդ են կրակել, հետո նրան վնասազերծել են:

Ըստ Ոստիկանության տվյալների` այս տարվա ապրիլից հունիսն ընկած ժամանակահատվածում ջրմուղի աշխատակցի անվան տակ մի շարք ավազակային հարձակումներ են կատարվել, մասնավորապես, երեքը՝ Կենտրոն, երկուսը՝ Մալաթիա-Սեբաստիա եւ մեկական դեպք՝ Ավան, Արաբկիր եւ Աջափնյակ համայնքներում։

Իրինա Հովհաննիսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG