Մատչելիության հղումներ

Կիրո Մանոյան. «Հայ - թուրքական հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն ակնկալելու հիմք չկա»


Կիրո Մանոյան

Կիրո Մանոյան

Դեռեւս որեւէ հիմք չկա ակնկալելու, որ առաջիկա ամիսներին Թուրքիան կփոխի դիրքորոշումը հայ - թուրքական հարաբերությունների հարցում, քանի դեռ լուծում չի ստացել Ղարաբաղի խնդիրը: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այդ մասին ասաց Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Պատասխանելով հունիսի 12-ի ընտրությունների արդյունքում Թուրքիայում ձեւավորված նոր խորհրդարանի կողմից հայ - թուրքական հարաբերությունների բարելավման ուղղությամբ քայլեր նախաձեռնելու հնարավորության վերաբերյալ հարցին` Մանոյանը նաեւ ընդգծեց. - «Հայաստան - Թուրքիա արձանագրությունների` Թուրքիայի կողմից չվավերացվելը հիմնական պատճառ ունի Ադրբեջանի կեցվածքը, եւ Ադրբեջանի այդ կեցվածքը չի փոխվել, եւ չեմ կարծում, որ իր այս համեմատությամբ Թուրքիայի նախագահը կհամարձակվի գնալ Ադրբեջանի տեսակետին դեմ քայլերի` առնվազն առաջիկա ամիսներին: Չեմ կարծում, թե առաջիկա ամիսներին ինչ-որ տեղաշարժ կլինի Թուրքիայի կողմից, կեցվածքի փոփոխություն Ղարաբաղի հարցում»:

Հունիսի 25-ին Կազանում նախատեսված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, եւ վերլուծաբանները չեն բացառում փաստաթղթի ստորագրման տարբերակը: Այդ դեպքում եւս, դաշնակցական գործչի կարծիքով, Թուրքիայի դիրքորոշման փոփոխություն պետք չէ ակնկալել, «մանավանդ որ Թուրքիայից ղեկավարությանը մոտիկ շրջանակներ, փորձագետներ այն տեսակետն են հայտնում, որ կարող է Թուրքիան վավերացնի արձանագրություններից մեկը` ընդամենը դիվանագիտական հարաբերություններ հաստատող»:

«Հուսով եմ, որ Հայաստանը կանդրադառնա, որ նման հնարավորություն էլ կա, եւ այսօրվանից ստորագրությունը հետ կվերցնի` նման հնարավորությունից զրկելով Թուրքիային», - ասաց Կիրո Մանոյանը:

Գնահատելով Ղարաբաղի խնդրի շուրջ բանակցային ներկայիս գործընթացը` Դաշնակցության բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն ասաց. - «Մինչեւ բոլոր հարցերի շուրջ չլինի համաձայնություն` ոչ մի համաձայնություն էլ չկա»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` անցած շաբաթ օրը Մոսկվայում կայացած հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությանը, որ կողմերի դիրքորոշումները մոտեցել են, Կիրո Մանոյանը շեշտեց. - «Ուրեմն, եթե նույնիսկ կա դրական ինչ-որ տեղաշարժ որոշ խնդիրների վերաբերյալ, ես չեմ կարծում, որ մասնակի փաստաթուղթ կստորագրեն կողմերը, առավել եւս` Հայաստանը, եթե Ղարաբաղի կարգավիճակի խնդիրը շատ հստակ չի ձեւակերպված, որ ինչպես պիտի լուծվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG