Մատչելիության հղումներ

Բելգիայի նոր ռեկորդը` մեկ տարի առանց կառավարության


Բելգիա - Ուսանողները «Ամոթ» կարգախոսով ցույց են անցկացնում Բրյուսելում` պահանջելով կառավարություն կազմել, հունվար, 2011թ.
Բելգիա - Ուսանողները «Ամոթ» կարգախոսով ցույց են անցկացնում Բրյուսելում` պահանջելով կառավարություն կազմել, հունվար, 2011թ.
Թվում է, թե անհնար է համեմատություններ գտնել` խոսելով այնպիսի տարբեր երկրների մասին, ինչպիսին են Իրաքը, Կամբոջան եւ Բելգիան: Մի երկրում դաժան պատերազմ է, որի վերջը չի երեւում, մյուսում` կոմունիստական դաժան անցյալ, որից մարդիկ առ այսօր ուշքի չեն գալիս, եւ դրանց կողքին` մոլորակի ամենազարգացած, բարեկեցիկ պետություններից մեկը, որտեղ հյուրընկալվել են Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանները:

Մինչդեռ գողտրիկ Բելգիան գերազանցել է նախ` Իրաքի, ապա` Կամբոջայի ռեկորդները։ Իրաքում 249 օր շարունակ կառավարություն չի եղել` այդ ցուցանիշը բելգիացիները գերազանցել են այս տարվա փետրվարի 17-ին, Կամբոջան 2003-2004 թվականներին 353 օր կառավարություն չի ունեցել` բելգիացիները հունիսի 1-ին Կամբոջայից էլ են առաջ անցել: Եվ հիմա նրանք առաջինն են կառավարություն չունեցող երկրների ցանկում:

Երկուշաբթի օրը բելգիացիները արդեն հոբելյանական ռեկորդ սահմանեցին` ճիշտ մեկ տարի շարունակ չունեն կառավարություն: Անցյալ տարվա հունիսի 13-ին Բելգիայում տեղի ունեցած համազգային ընտրություններում կուսակցություններից եւ ոչ մեկը սեփական ուժերով կառավարություն կազմելու համար անհրաժեշտ քվեներ չշահեց: Ֆլամանդական նոր դաշինքը խորհրդարանի 150-տեղանոց ստորին պալատում 27 տեղ ստացավ, ֆրանկոֆոնների շահերը ներկայացնող սոցիալիստները` 26: Ֆլամանդական նոր դաշինքում միավորված են, հիմնականում, պահպանողական եւ նույնիսկ անջատողական հայացքներ դավանող գործիչներ, ովքեր առիթից առիթ արծարծում են Ֆլանդրիայի անկախության գաղափարը: Դաշինքը եւ սոցիալիստները համաձայնության չեն հասնում:

Երկիրը պառակտված է լեզվական սկզբունքով` բնակչության մոտ 60 տոկոսը ֆլամանդացիներն են, նրանց լեզուն գերմանական լեզուներին դասվող նիդերլանդերենն է: Մոտ 40 տոկոսն էլ վալոններն են, ովքեր ֆրանսերեն են խոսում: Որոշ շրջաններում տարածված է նաեւ գերմաներենը:

Բելգիան սահմանադրական միապետություն է, 1830 թվականին անկախացել է Հոլանդիայից: Անկախ երկրում տիրապետողը ֆրանսերենն էր, սակայն անցյալ դարի 60-ականներին ֆլամանդացիները սկսել են պայքարել իրենց լեզվին երկրի պետական կյանքում արժանի տեղ ապահովելու համար, պարտադրել են թարգմանել Սահմանադրությունը:

«Միասնությունը ուժ է տալիս»` սա է Բելգիայի կարգախոսը, սակայն միասնություն առնվազն կառավարություն կազմելու հարցում չկա:

Թերեւս, ամենազարմանալին այն է, որ երկիրը ծաղկում-բարգավաճում է: Պետական հիմնարկների աշխատանքը չի ընդհատվել, տնտեսությունը աճ է գրանցում, ներդրումների ծավալն ավելանում է, գործազրկությունը` նվազում:

Վարչապետի պաշտոնակատար Իվ Լեթերմի թիմը աշխատում է, հասարակությունն էլ, ու նախ եւ առաջ` երիտասարդությունը, զօրուգիշեր ծաղրում է պետական այրերին եւ մերթընդմերթ հարց տալիս` «իսկ գուցե Բելգիային ընդհանրապես պետք չէ՞ կառավարություն»: Առայժմ դա կատակով են ասում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG