Մատչելիության հղումներ

Հունիսի 14-ի մամուլ


«Ժամանակ»-ը իր խմբագրականում գրում է. - «Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հայաստանյան այցի հետաձգումը, որ պետք է կայանար հունիսի սկզբին, ըստ էության աննկատ մնաց, համենայնդեպս, չարժանացավ մանրամասն դիտարկման: Մինչդեռ այդ իրողությունն առաջին հայացքից իր արարողակարգային բնույթով հանդերձ, կարծես թե խոսում է հայ - իրանական փոխհարաբերության մեջ վստահության լուրջ ճգնաժամի մասին: Բանն այն է, որ այցի հետաձգման պատճառի մասին ձեւակերպումը, որ ներկայացրեց իրանական կողմը` հայկական կողմից որոշ փաստաթղթերի անպատրաստություն, ուղղակի մեղադրանք է Հայաստանի հասցեին: Փաստացի ստացվում է, որ իրանական կողմի հետ եղել են այցի հետ կապված պայմանավորվածություններ, որոնք, սակայն, հայկական կողմը չի հարգել: Խնդիրը, իհարկե, այստեղ փաստաթղթերը չեն, եւ դրանց հիշատակումը, անկասկած, դիվանագիտական լեզու է ընդամենը: Ահմադինեժադի հայաստանյան այցը, անկասկած, լինելու էր Կազանից առաջ լուրջ աջակցություն Հայաստանին, սակայն Իրանը փաստորեն հրաժարվեց դրանից` ակնարկելով, որ Հայաստանն էլ նախապես ինչ-որ պայմանավորվածություն էր խախտել»:

«Իրատես de facto»-ի թղթակիցը «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին հարցնում է. - «ՀԱԿ-ը թեմաներն առաջարկում է, իշխանությունն ասում է, որ այդ թեմաները քննարկման ենթակա չեն: Դա փակուղի՞ եք համարում, թե՞ կարծում եք, որ երկխոսություն սկզբունքորեն հնարավոր չէ»: Պատասխան. - «Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, որտեղ երկու կողմերը համարում են, որ փակում են ամբողջ դաշտը: Դա խաբեություն է: Ավելին` ինքնախաբեություն: Իշխանությունը չի փակում ամբողջական դաշտը` լինելով շատ հակասական եւ չունենալով այն ռեսուրսը, որով կարողանա ներկայացնել ամբողջ բյուրոկրատիան: Դեռ կա Ռոբերտ Քոչարյանի գործոնը: Միասնություն չկա կոալիցիա ներսում: Խնդիրներ կան ՀՀԿ-ում: Նույնն է վիճակը ընդդիմադիր դաշտում: Քաղաքական դաշտը կազմավորվում է գաղափարախոսություններով, չի կարող ՀԱԿ-ը կամ որեւէ այլ ուժ, անկախ մասնակիցների թվից, միաժամանակ փակել ե'ւ ազգայնական, ե'ւ ազատական դաշտը: Հայաստանը փոքր երկիր է, ազգային յուրահատկություններով, ազգայնական լուրջ տրամադրություններով: Աշխարհում ինչ էլ տեղի ունենա, Հայաստանում մտածում են` մեզ սպառնալիք կա՞, թե՞ չէ, որովհետեւ այդպիսին է մեր պատմությունը»:

ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանին «168 ժամ»-ի թղթակիցը հարցնում է. - «Սկզբում տպավորությունն այնպիսին էր, որ Սերժ Սարգսյանն արձագանքելով ՀԱԿ-ի բոլոր պահանջներին` համարժեք քայլ կանի նաեւ երկխոսության առաջարկին, բայց այդպես չեղավ: Ձեր կարծիքով` դա ի՞ր որոշումն է, թե՞ ներկոալիցիոն կամ ընդհանրապես ներիշխանական ճնշումներ կան նրա վրա»: Պատասխան. - «Իշխանությունները լավ կյանքից չէ, որ ընդունել են երկխոսության անհրաժեշտությունը: Որեւէ դիկտատորական ռեժիմ ռեպրեսիաներից հրաժարվում է, որովհետեւ տեսնում է, որ դրանց համար թե՛ ներքին, թե՛ արտաքին բոլոր ռեսուրսները սպառված են: Ուստի դա է իրենց դրդել կատարելու մեր պահանջները: Ըստ երեւույթին, նրանք անորոշության մեջ են եւ դեռեւս չեն կարողանում կողմնորոշվել, թե ինչքան պետք է խորացնեն այդ զիջումները: Եվ արդյո՞ք ընդհանրապես պետք է գնալ երկխոսության, թե՞ ոչ»:

Նույն խնդիր մասին «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Եվ այնուամենայնիվ` ինչո՞ւ է լռում Սերժ Սարգսյանը… Չի բացառվում, որ Կազանում բավականին կոշտ խոսակցություն տեղի ունենա, եւ կողմերին զիջումներ պարտադրվեն: Դա, բնականաբար, շատ ցավոտ է մե'զ համար, որովհետեւ «նաղդ» զիջումներ մեզանից են պահանջելու (խոսքը տարածքներ վերադարձնելու մասին է): Նման իրավիճակում Կոնգրեսի հետ բանակցություններ սկսել` նշանակում է Կոնգրեսից օգնություն խնդրել, իսկ Սերժ Սարգսյանը իրեն նման բան թույլ տալ չի կարող, որովհետեւ մտածում է, թե Կոնգրեսը դրա դիմաց մեծ զիջումներ կպահանջի: Եթե միջազգային հանրությունը ձգտում է զիջումներ կորզել Սերժ Սարգսյանից, պիտի ամեն ինչ անի, որպեսզի բանակցությունների սեղանի շուրջը նրա դիրքերը թույլ լինեն (խախուտ իշխանությունները ավելի հեշտությամբ են զիջումների գնում): Այլ կերպ ասած` միջազգային հանրությունը ուրախ կլիներ, եթե երկխոսությունը չկայանար, Հայաստանի ներքաղաքական վիճակը դարձյալ սրվեր, եւ Սերժ Սարգսյանը Կազանում ավելի «փափուկ» լիներ»:

«Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Անցած շաբաթ հայտարարվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծման մտադրության մասին, եւ ՀԱԿ-ը շտապեց այդ` դեռեւս, ըստ էության, գոյություն չունեցող քաղաքական ուժի հասցեին մի քանի քարոզչական համազարկ արձակել` վստահություն հայտնելով, որ դա գրպանային, կեղծ, ծախված եւ իշխանության կողմից նախագծված խումբ է: Չեմ բացառում, որ հենց այդպես էլ կարող է լինել: Բայց նման մեղադրանքներ հնչեցնելուց առաջ արժեր, թերեւս, թույլ տալ, որ այդ խումբը աներ իր առաջին քայլերը: Գուցե նրանք է՞լ են պահանջում նախագահի անհապաղ հրաժարականը եւ նույնքան անհապաղ արտահերթ նախագահական ընտրություններ: Եվ այդ դեպքում անհարմար բան կստացվի. մի քանի օրում «Ազատ դեմոկրատները» «գրպանայինից» կվերափոխվեն «իսկականի»:
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG