Մատչելիության հղումներ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը որոշել է հաշտության գնալ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, տպագրել հերքման տեքստ, որպեսզի դատարանը օրաթերթին դրամական փոխհատուցում չպարտադրի:

«Հրապարակ»-ի խմբագիրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասում է, որ նկատի ունենալով լրատվամիջոցների դեմ բավարարված մի քանի հայցերը եւ այն, որ դատարանը վճիռ կայացնելիս չի կարողանա հաշվի չառնել այն հանգամանքը, որ հայցվորը նախկին նախագահ է, գրեթե հույս չունի, թե այս դատական վեճը ի օգուտ թերթի է լուծվելու:

«Դրա համար մենք հակված ենք հաշտության գնալու տվյալ կողմի հետ, բայց հաշտությունը կարող է լինել միայն հերքման տեքստի շուրջ: Կարող է ստացվել այնպես, որ մենք հերքումը տպագրենք, հետո կողմը մեզ առաջարկի եւս 3 միլիոն դրամ վճարել, որպեսզի իրենք հաշտության գան մեզ հետ: Այս պարագայում անիմաստ է հաշտություն կնքելը», - ասաց Օհանյանը:

Ռոբերտ Քոչարյանը իր պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորելու համար դատական հայց էր ներկայացել «Հրապարակ»-ի դեմ` թերթում հրապարակված «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրո՞ւմ» հոդվածի պատճառով: Հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանը, մասնավորապես գրել էր. -
«Իսկ Քոչարյանը որքան էլ առանձնանում է գավառականությամբ, արյունռուշտությամբ, առանձնակի փայլուն անմտությամբ` ուղղակի մտածում ես` ՀՀ նախագահի աթոռում թյուրիմացաբար հայտնված այդ էակին մտածելու մարդկային ունակություն ի վերուստ տրվա՞ծ է, թե՞ ոչ»:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերջին դատական նիստին հայտարարեցին, որ բարի կամք են դրսեւորում եւ թերթին հնարավորություն տալիս հերքում տպագրել` համարելով դա հաշտվելու միակ հիմքը: Երկրորդ նախագահի ավելի վաղ առաջարկած հերքման տեքստում «Հրապարակ» օրաթերթը պետք է ընդուներ մեղքը եւ ներողություն խնդրեր Ռոբերտ Քոչարյանից նրա պատիվը, արժանապատվությունը եւ բարի համբավը արատավորող տեղեկություններ հրապարակելու համար: Արմինե Օհանյանը թեեւ պատրաստ է հրապարակել այդ տեքստը, այդուհանդերձ, ընդգծում է, որ այն կոռեկտ չէ, քանի որ հոդվածում հերքման ենթակա տեղեկություններ չկան, դրանք, ըստ խմբագրի, «գնահատողական կարծիք են»:

Քոչարյանի փաստաբանները միջնորդություն էին ներկայացրել որպես վկա դատարան հրավիրել Արմինե Օհանյանին եւ վիճահարույց հոդվածի հեղինակ Լուսինե Պետրոսյանին: Երկրորդ նախագահի ներկայացուցիչները հոդվածում տեղ գտած մի շարք որակումների բառարանային բացատրություններն էին վերհանել եւ մտադիր էին խնդրել վկաներին պարզաբանել, թե որ իմաստով են օգտագործել, օրինակ, անմտություն կամ արյունռուշտ բառերը: Արմինե Օհանյանն ասում է, որ դեմ չէ դատարան գնալուն, թեեւ հույս ունի, որ մինչեւ հաջորդ դատական նիստը` հունիսի 30-ը, հաշտության շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի:

«Եթե նույնիսկ անմիտ բառը իր դասական եւ հանրային ընկալելի իմաստով է օգտագործվել, դա ի վերջո տվյալ մարդու տեսակետն է: Հիմա ի՞նչ ենք ասում, ասում ենք, որ դու իրավունք չունես այսինչի մասին անմիտ բառը ասելո՞ւ», - հարցնում է Օհանյանը:

Քոչարյանը որպես փոխհատուցում թերթից պահանջում է 6 միլիոն դրամ: Ըստ Օհանյանի, այս ամենի ամենասարսափելի հետեւանքը, այն է, որ մի քանի տպագիր թերթերն էլ կարող են նմանվել վերահսկելի հեռուստաալիքներին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG