Մատչելիության հղումներ

logo-print

Կազանում «լուրջ բեկում չի լինելու»


Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում: 5-ը մարտի 2011թ.

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում: 5-ը մարտի 2011թ.

ԼեռնայինՂարաբաղի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երկուշաբթի օրը համոզմունք հայտնեց, որ հունիսի 25-ին Կազանում կայանալիք Մեդվեդեւ - Սարգսյան - Ալիեւ հանդիպմանը Լեռնային Ղարաբաղի հարցում «որեւէ լուրջ բեկում չի լինելու»:

«Որեւէ փաստաթուղթ, որեւէ պայմանագիր չի ստորագրվելու Կազանում: Եթե նույնիսկ ինչ-որ մի բան ստորագրվի, դա կլինի ինչ-որ ընդհանուր հայտարարություն սկզբունքների շուրջ», - նշեց Բաբայանը` հավելելով, թե 2012 թվականը «շատ կարեւոր է ներքաղաքական առումով», ուստի ղարաբաղյան խնդրի կարգավորումը «դանդաղելու է»:

«Ընտրությունների տարի է, եւ այս ընտրությունները, իհարկե, տարբերվելու են նախորդներից, եւ չի բացառվում, որ չսահմանափակվեն լոկ 2012 թվականով, այլ հետընտրական այդ զարգացումները տեղի ունենան նաեւ 2013 թվականին, 2014 թվականին…Առնվազն 2-3 տարի, կարելի է ասել, դանդաղանալու է գործընթացը: Բայց պիտի պահպանվի խաղաղ այդ կարգավորման դինամիկան», - ասաց նա:

Հունիսի 11-ին, հիշեցնենք, Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը: Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարեց, թե Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Արտգործնախարարությունը նաեւ հայտարարեց, որ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին:

Դավիթ Բաբայանը ողջունեց հունիսի վերջին ակնկալվող Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սպասվող հանդիպումը` հավելելով, սակայն. - «Պիտի փաստենք, որ խեղաթյուրված ձեւաչափով են ընթանում: Այսինքն` Արցախը չի մասնակցում բանակցային այդ գործընթացին: Եվ ստեղծվում է մի այսպիսի իրավիճակ` մի քիչ տարօրինակ, որ նույն Ադրբեջանը պնդում է եւ փորձում է այդ բանակցությունների միջոցով հասնել ինչ-որ փաստաթղթի ստորագրմանը, որը պիտի մենք, այդպես է ստացվում, իրականացնենք: Մի փաստաթուղթ, որի ո'չ մշակմանը, ո'չ ստորագրմանը չենք մասնակցել»:

Իշխող ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «հունիսի 25-ին չի կարող լինել Ղարաբաղի համար անընդունելի որոշում». - «Եթե որեւէ որոշում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին գոհունակություն չպատճառի, այդ որոշումը կլինի անընդունելի նաեւ մեզ համար»:

Հայ Յեղափոխական Դաշնակցության ղեկավար անդամ Կիրո Մանոյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե «հիմնավոր չէ որեւէ առաջընթացի ակնկալիքը»:

«Մենք չենք ակնկալում որեւէ փաստաթղթի ստորագրում, որովհետեւ Ադրբեջանը… Ղարաբաղի կարգավիճակի մասին իր կեցվածքը չի փոխելու: Եվ այդ մասին նաեւ այս վերջին օրերին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը», - նշեց Մանոյանը:

«Առաջին անգամ է, երբ գոհունակություն են հայտնում բանակցություններից», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը` շարունակելով. - «Նաեւ վարչապետն էր օրեր առաջ խոսել այն բանի մասին, որ առաջընթաց է գրանցվել, եւ շատ հնարավոր է, չգիտես ինչու, ինքը հղում կատարեց համանախագահներին` ասելով, որ միջնորդները կհասնեն հաջողության: Չնայած դա մեր հաջողությունը պետք է լինի, ոչ թե միջնորդների հաջողությունը»:

Կարապետյանը նույնպես մտահոգիչ համարեց բանակցությունները առանց Ղարաբաղի մասնակցության շարունակելու հանգամանքը. - «Ակնհայտ է, որ Ղարաբաղը դուրս է մղված բանակցություններից եւ չունի որեւէ դերակատարություն: Դա ամենամեծ մտահոգությունն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG