Մատչելիության հղումներ

Հայ փորձագետները մեկնաբանում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքները


Վարչապետ Էրդողանը դիմում է իր աջակիցներին: Անկարա, 12-ը հունիսի 2011թ.

Վարչապետ Էրդողանը դիմում է իր աջակիցներին: Անկարա, 12-ը հունիսի 2011թ.

Հայաստանյան որոշ փորձագետներ կարծում են, որ կիրակի օրը Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանի հանդեպ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվի:

Թուրքագետ Արտակ Շաքարյանի գնահատմամբ` Թուրքիան ստացավ ավելի «բալանասավորված» եւ «դեպի Արեւմուտք ավելի շատ նայող» խորհրդարան: Իսկ այդպիսի խորհրդարանի պարագայում, ինչպես նշեց Շաքարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում, մեծ հաշվով «ամեն ինչ բարեբախտաբար մնաց նույնը». - «Բարեբախտաբար` որովհետեւ բալանսավորված խորհրդարանը այն խորհրդարանն է, որը ամենից շատ մեզ ձեռնտու է»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական մերձեցման կասեցված գործընթացի վերակենդանացման հնարավորությանը, ապա Արտակ Շաքարյանը համարում է, որ այդ ուղղությամբ ինչ-որ փորձեր կարվեն, սակայն որեւէ հաջողություն արձանագրելը հիմա ավելի դժվար է լինելու. - «Շանսեր կան այնքանով, որ, ինչպես հայտնում են բազում աղբյուրներ, հայ-թուրքական գաղտնի բանակցությունները շարունակվում են եւ հող են նախապատրաստում նոր արձանագրությունների կամ արձանագրությունների վերակենդանացման [համար]: Սակայն նաեւ պետք է նշել, որ այսօրվա խորհրդարանում թե' «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորական ձայներն են ավելի քիչ, թե' ընդդիմադիր կուսակցության պատգամավորական ձայներն են շատացել: Ուստի Էրդողանը կրկին պետք է փորձի բանակցել ընդդիմադիր կուսակցությունների կամ գոնե քուրդ անկախ պատգամավորների հետ»:

Բանակցությունների նպատակը, փորձագետի խոսքով, ինչ-ինչ օրինագծերի շրջանառումն ու անցկացումն է: Չի բացառվում նաեւ հայ-թուրքական արձանագրությունների հարցը:

«Կա կարծիք, որ էրդողանը հնարավոր է գնա մի հետաքրքիր քայլի` երկու արձանագրություններից ընդամենը մեկը վավերացնի, որը ավելի թույլ է, եւ հնարավոր է այսպես ասած` վաճառել Ադրբեջանի վրա: Խոսքը դիվանագիտական հարաբերությունների վերաբերյալ արձանագրության մասին է», - նշեց Շաքարյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը, մինչդեռ, բացառում է հայ-թուրքական մերձեցման գործընթացի վերակենդանացման հեռանկարը:

«Այս խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան մտնում է մեկ այլ փուլ, էլի ընտրական փուլ, որի նպատակն է անցկացնել սահմանադրական փոփոխություններ: Եվ եթե նկատենք, իշխող կուսակցությունը, խորհրդարանական ընտրություններում չնայած հաղթանակ է տարել զգալի տոկոսով, սակայն չի ապահովել պատգամավորական քվեների այն քանակը, որը թույլ կտար իրեն միանձնյա կատարել եւ անցկացնել սահմանադրական փոփոխությունները», - ասաց նա` հավելելով, թե Էրդողանը ստիպված պետք է լինի սահմանադրական փոփոխությունների անցկացման համար բանակցությունների նստել այլ ուժերի հետ` պահանջվող 367 քվեն ապահովելու համար: - «Իսկ ինքը այս ընտրություններից հետո ունի 327 պատգամավոր»:

«Եվ ես կարծում եմ», - շարունակեց Մելքոնյանը, - «Թուրքիան, մտնելով մեկ այլ ընտրական փուլ, որը ի վերջո ավարտվելու է նախագահի ընտրություններով… Այս ամենի համատեքստում դժվար է ենթադրել, որ Թուրքիայի կողմից ակտիվ քայլեր կարվեն հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

Փորձագետը, այդուհանդերձ, չբացառեց, որ աշխարհաքաղաքական բեկումնային նշանակություն ունեցող ինչ-որ անսպասելի իրադարձությունների արդյունքում արձանագրությունների վավերացման հարցը Թուրքիայում դարձյալ արդիական դառնա:

Հարցին, թե ինչ էին նշանակում այս ընտրությունների համաեվրոպական համատեքստում, Արտակ Շաքարյանը պատասխանեց. - «Եվրոպան ստացավ ավելի բալանսավորված, դեպի իսլամ չգնացող Թուրքիա, 35 քուրդ պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա: Եվրոպան ստացավ 74 կին պատգամավորներով խորհրդարան ունեցող Թուրքիա»:

Ռուբեն Մելքոնյանի կարծիքով եւս խորհրդարանի նման կազմը կարելի է դիտել որպես «քայլ դեպի Եվրոպա». - «Այսօրվա Թուրքիան որոշակի փոփոխությունների է ենթարկվել. զինվորականությունը չունի նախկին ուժը, իսկ հասարակությունը բավական ընկալել է իշխող կուսակցության մոդելը` չափավոր իսլամը: Այնպես որ, կարծում եմ, ժողովրդավարության տեսակետից այս ընտրությունները բավական նորմալ ընտրություններ են»:

Այդուհանդերձ, Մելքոնյանի խոսքերով, Թուրքիայի իշխող կուսակցության օրակարգում ավելի կարեւոր տեղ է զբաղեցնում իսլամական Արեւելքի հետ մերձեցմանը միտված քաղաքականությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG