Մատչելիության հղումներ

ՀԱԿ-ը սպառված չի համարում երկխոսության հնարավորությունը


ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյան
ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի փոխանցմամբ` ՀԱԿ-ը սպառված չի համարում արտահերթ ընտրությունների շուրջ իշխանության հետ երկխոսություն սկսելու հնարավորությունը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուսինյանը, ՀԱԿ-ը շարունակում է սպասել Սերժ Սարգսյանի արձագանքին:

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության տարբեր ներկայացուցիչներ այս օրերի ընթացքում բազմիցս հայտարարել են, որ ՀԱԿ-ի հետ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելը բացառում են, եւ որ իշխանության օրակարգում նման հարց գոյություն չունի:

«Բոլոր մինչ այդ հնչած արձագանքները մեզ մեծ հաշվով չեն հետաքրքրում, որովհետեւ իշխանությունից որոշում կայացնող անձն է, որ պետք է արձագանք տա: Մենք հայտարարում ենք, որ ողջամիտ ժամկետ ենք տվել իշխանություններին, երբ որ մենք սպառված համարենք ողջամիտ ժամկետը, այդ ժամանակ մենք, բնականաբար, համապատասխան արձագանքով հանդես կգանք: Այս պահի դրությամբ իշխանությունները` ի դեմս Սերժ Սարգսյանի, դեռ ժամանակ ունեն այդ արձագանքը տալու համար», - ասաց Մուսինյանը:

ՀԱԿ-ը արդեն հայտարարել է իր հաջորդ հանրահավաքի օրը, այն կանցկացվի հունիսի 30-ին Ազատության հրապարակում: ՀԱԿ-ի իրազեկումը քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն:

Հարցին, թե արդյո՞ք իշխանություններին տրված ողջամիտ ժամկետը կլրանա հունիսի 30-ին, Մուսինյանը պատասխանեց. - «Վերջնաժամկետը հունիսի 30-ը չէ, 30-ը մեր հանրահավաքի օրն է: Առաջիկա օրերի եւ շաբաթների իրադարձությունները իրենք նաեւ որոշակի առումով վերջնական շտկումներ եւ սրբագրումներ կմտցնեն ինչպես ասելիքի շուրջ, կախված գործող իշխանության արձագանքից, այնպես էլ հանրահավաքի բովանդակության եւ նպատակների շուրջ»:

Այն հարցին, թե արդյո՞ք իրենք չունեն մարտավարությունը փոխելու խնդիր, Մուսինյանը պատասխանեց, թե քաղաքական գործընթացների տրամաբանությունն է շտկումներ մտցնում ՀԱԿ-ի ծրագրերում:

«Հայասանի առաջին նախագահը` Տեր-Պետրոսյանը ձեւակերպել է, որ կա'մ իշխանությունները կունենան բավականաչափ հասունություն հասկանալու համար, որ Հայաստանում տիրող այս քաղաքական ճգնաժամից դուրս գալու լուրջ պատեհություն կա, կգնան այդ ճանապարհով, իսկ ջրբաժանը միշտ կա ու կա` իր բոլոր հետեւանքներով», - ասաց Մուսինյանը` հավելելով. - «ՀԱԿ-ը միշտ իր քաղաքական զինանոցում ունի քաղաքական մեթոդներով շատ ավելի կոշտ ճնշումների տարբերակներ: Մենք ուղղակի գործող վարչախմբին հնարավորություն ենք տվել այս ճգնաժամից դուրս գալու»:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով նոր է վերադարձել Մոսկվայից, որտեղ մեկ շաբաթ է անցկացրել, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ՀԱԿ-ի եւ իշխանության միջեւ հնարավոր երկխոսությունը ողջունում է Ռուսաստանի Դաշնությունը: Զուրաբյանի փոխանցմամբ` ինքը հանդիպումներ է անցկացրել ռուսաստանյան իշխանական շրջանակների հետ, քննարկել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական հիմնախնդիրներին առնչվող հարցեր:

«Ես կարծում եմ, որ Ռուսաստանը, ինչպես նաեւ միջազգային հանրության այլ առանցքային ներկայացուցիչները կարեւորում են քաղաքական կայունությունը Հայաստանում, կարեւորում են Հայաստանի զարգացումը եւ, բնականաբար, երկխոսությունը, որը կարող է դառնալ լրջագույն երաշխիք նման զարգացման, քաղաքական կայունացման համար», - ասաց Զուրաբյանը:

Նա չմանրամասնեց, թե հատկապես ում հետ է Մոսկվայում հանդիպել եւ նշեց, որ նախնական պայմանավորվածության համաձայն ռուսական կողմին է վերապահված այդ հանդիպումների լուսաբանման ֆորմատը:

Դատելով «Կոմսոմոլսկայա պրավդայում» հունիսի 10-ին հրապարակված տեղեկությունից, որտեղ խոսվում էր Զուրաբյանի հանդիպումների մասին, սակայն խոսք չկար այդ հանդիպումներին մասնակցած ռուսաստանցի իշխանավորների մասին, կարելի է ենթադրել, որ ռուսները չեն ցանկանում հրապարակել ընդդիմադիր ՀԱԿ-ի հետ հանդիպած պաշտոնյաների անունները:

Զուրաբյանը տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում քննարկել են ղարաբաղյան հիմնահարցը, հայաստանյան ներքաղաքական զարգացումներ, այդ թվում` արտահերթ ընտրությունների իրենց պահանջը, որը, ինչպես ՀԱԿ համակարգողն ասաց, ներկայացում են «շահագրգռված խաղացողներին»` Ռուսաստանին, ԱՄՆ-ին եւ Եվրոպական Միությանը:

«Բնականաբար, մենք էլ փորձում ենք ճշտել ռուսական կողմի պատկերացնումները այդ հարցերի շուրջ: Կարեւորում ենք Ռուսաստանի հետ հարաբերություները, կարեւորում ենք հայ-ռուսական համագործակցությունը եւ ստրատեգիական, դաշնակցային հարաբերությունների զարգացումը», - ասաց ՀԱԿ համակարգողը:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG