Մատչելիության հղումներ

Ալեքսանդր Իսկանդարյան. «Կողմերի նկատմամբ ճնշումը համախմբված է»


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, Երեւան, 9-ը հունիսի, 2011թ.

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ընդունում է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին, Երեւան, 9-ը հունիսի, 2011թ.

«Եթե Կազանում կողմերը ինչ-որ հայտարարություն ստորագրեն, հնարավոր է, որ այն օգտագործվի հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Մեկնաբանելով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հունիսի 11-ի հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունը` քաղաքագետը նշեց. - «Իմ կարծիքով, այս հայտարարությունը նշանակում է, որ միջնորդների ցանկությունը` ստորագրել ինչ-որ թուղթ, ինչ-որ հայտարարություն, բավականին ուժեղ է: Եվ կողմերի նկատմամբ ճնշման փորձը, այսպես ասած, համախմբված է»:

Շաբաթ օրը Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի, Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի աշխատանքային հանդիպումից հետո Հայաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Քննարկման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների մի շարք առանցքային հարցերի շուրջ հաջողվեց մոտեցնել դիրքորոշումները: Հիշյալ փաստաթղթի նախագիծը կքննարկվի հունիսի վերջին կայանալիք հերթական եռակողմ գագաթնաժողովի ժամանակ»:

«Առաջին հերթին, սա այն փորձերի շարունակությունն է, որոնք միտված են ստատուս քվոն պահելու, եւ որ հակամարտությունը շարունակի մնալ այն ձեւաչափում, որը որ առկա է», - կարծիք հայտնեց Ալեքսանդր Իսկանդարյանը` շարունակելով. - «Հաջորդը` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի գործունեությունն է, որ իրենց աշխատանքը ինչ-որ արդյունքների հանգեցնի, եւ որ այդ ստատուս քվոն պահպանվի: Եվ ես չեմ բացառում, որ սա կապված է նաեւ Թուրքիայում ընտրությունների փուլի ավարտի հետ, ու հնարավոր է, որ փորձ արվի օգտագործել այդ հայտարարությունը, եթե Կազանում ինչ-որ հայտարարություն ընդունվի, հայ - թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ»:

Միեւնույն ժամանակ, Իսկանդարյանը ընդգծեց` այդքանով հանդերձ, չի կարելի վստահաբար ասել, որ Կազանում ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի:

«Ես չգիտեմ` կստացվի՞, թե՞ ոչ այն, ինչ միջնորդները փորձում են անել: Տեսնում եմ, որ կա ճնշում, որ այդ ճնշումը բավականաչափ համախմբված է: Տեսնում եմ նաեւ, որ դիմադրություն կա` հատկապես ադրբեջանական կողմից: Ինձ թվում է` որոշակի հավանականություն կա, որ կողմերը ինչ-որ հայտարարություն ստորագրեն, բայց որ այդ հավանականությունը հարյուր տոկոսանոց է` ես այդպես չեմ կարծում», - հայտարարեց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG