Մատչելիության հղումներ

Դատապարտյալը Իջեւանի ոստիկանությունում փորձել է վերջ տալ կյանքին


Իջեւանի ոստիկանությունում ինքնասպանության փորձ կատարած 22-ամյա երիտասարդի մայրն անհանգստանում է, որ որդին կրկին այդ քայլին կդիմի:

«Ոստիկանությունում տված բացատրության մեջ նշել է, որ էլի կդիմի ինքնասպանության, որովհետեւ դատարանն անարդար որոշում է կայացրել ու ինքն ապրելու ցանկություն չունի»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց Վահե Սանթրոսյանի մայրը՝ Սիրանուշ Կոխլիկյանը:

Հունիսի 9-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Վահե Սանթրոսյանին գողության համար դատապարտեց երեք տարվա ազատազրկման:

Դատարանի դահլիճից ոստիկանության հսկողության ներքո Վահեին Իջեւանի ոստիկանություն տեղափոխելուց հետո մորը ահազանգեցին, որ որդին փորձել է վերջ տալ կյանքին` իր մոտ եղած երկաթե կոճակով փորձելով վնասել թեւերի երակներն ու որովայնի հատվածը:

Ինչպե՞ս ստացվեց, որ ոստիկանությունում հսկողության տակ գտնվող տղան, փորձելով վերջ տալ կյանքին, վնասեց երակներն ու որովայնի հատվածը: Իջեւանի ոստիկանապետ Անդրանիկ Ազիզբեկյանն «Ազատություն» ռադիոկայանին հետ զրույցում սակավախոս էր: Նա նշեց միայն, որ դեպքի առթիվ Տավուշի քննչական բաժնում քննություն է ընթանում:

Դիլիջանի բնակիչ 22-ամյա Վահե Սանթրոսյանը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել թանկարժեք զարդերի գողության համար: Նրա փաստաբան Կարինե Գասպարյանն ասում է, թե ինքնասպանության փորձը չէր լինի, եթե դատարանը օրինական դատաքննություն անցկացներ:

«Մեղադրող դատախազը դատարանում հայտարարեց, թե քանի որ Վահե Սանթրոսյանը տուժողի բնակարանին մոտ է ապրում ու նախկինում գողություններ է կատարել, ուրեմն ինքն է այս գողությունը կատարել», - պատմեց փաստաբանը՝ հավելելով, որ իր վստահորդի մեղքը հիմնավորող որեւէ ապացույց չկա՝ ո՛չ մատնահետքեր, ո՛չ ոտնահետքեր:

Կարինե Գասպարյանի պնդմամբ, երիտասարդ տղան դատապարտվել է մեկ հոգու ցուցմունքի հիման վրա: Այս գողության մեջ մեղադրվող Դիլիջանի բնակիչ Գուրգեն Ավետիսյանը նախաքննության ժամանակ խոստովանելով իր մեղքը` ոստիկանների ճնշման ներքո նաեւ Վահեի անունն է հիշատակել: Մինչդեռ դատարանում Գուրգենը փոխել է նախաքննական իր ցուցմունքը՝ հայտարարելով, թե Դիլիջանի ոստիկանությունում իրեն ստիպել են Վահեին եւս ներքաշել այս գործում:

«Ոստիկանները փորձում են ցուցանիշներ ցույց տալ՝ անհայր տղային ամեն անգամ ներքաշելով տարբեր հանցանքների մեջ», - պնդում է փաստաբանը:

Փաստաբան Կարինե Գասպարյանը պատրաստվում է բողոքարկել Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG