Մատչելիության հղումներ

Հունիսի 11-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանությունը» գրում է. - «Վերջին շրջանում Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվորեն շրջանառության մեջ է դրվում այն միտքը, թե Ղարաբաղի հարցում այսօրվա իշխանությունների եւ Կոնգրեսի դիրքորոշումների միջեւ տարբերություն չկա: Իրականում դա, իհարկե, այդպես չէ, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ տարբեր առիթներով խոսել է այդ մասին, բայց այս պահին խնդիրը դա չէ: Ենթադրենք` Սերժ Սարգսյանի եւ Կոնգրեսի դիրքորոշումները Ղարաբաղի հարցում համարյա նույնն են: Դա նշանակում է, որ դիրքորոշում այնուամենայնիվ կա: Հարց է ծագում` իսկ ո՞րն է մյուսների դիրքորոշումը: Այս հարցի պատասխանը գտնելուց առաջ նախ արձանագրենք, որ «սամալյոտի միս եմ ուզում» ձեւակերպումն այնուամենայնիվ ոչ թե դիրքորոշում է, այլ ցանկություն: Իսկ դիրքորոշո՞ւմը որն է: Միանգամից ճշտեն` «դիրքորոշում» ասելով նկատի ունենք առավելագույն պահանջների եւ հնարավո՞ր զիջումների միջակայքում գտնվող այն տարբերակը, որը հայկական պատվիրակությունը կարող է դնել բանակցությունների սեղանին եւ վստահ լինել, որ միջազգային հանրությունը դա կգնահատի որպես ողջամիտ»:

«Երկիր» թերթը «Ինչու է դանդաղ շտապում Կոնգրեսը» հարցին պատասխանում է. - «Ըստ ամենայնի, հարցի պատասխանը թաքնված է առաջին հայացքից բոլորովին այլ` Ղարաբաղյան կարգավորման բանակցություններում զարգացումների քողի տակ: Դեռ մինչեւ ՀԱԿ-ի վերջին` մայիսի 31-ին հրավիրած հանրահավաքն էր հայտնի, որ հունիսի 25-ին, այսինքն ԵԽԽՎ-ում ելույթ ունենալուց 4 օր անց, Թաթարստանի մայրաքաղաք Կազանում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որից միջնորդ երկրներին սպասելիքները չափազանց մեծ են հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներն ամրագրող առկա փաստաթուղթն ստորագրելու տեսանկյունից: Հետաքրքրական է, որ վերջին հանրահավաքում Տեր-Պետրոսյանն, այնուամենայնիվ, հայտարարեց, թե ՀԱԿ-ի հերթական հանրահավաքը լինելու է հունիսին, բայց թե կոնկրետ որ օրը, չհստակեցրեց: Կարող ենք ենթադրել, որ եթե, այնուամենայնիվ, այս ամիս Կոնգրեսը հանրահավաք կազմակերպի, այն տեղի կունենա հունիսի 25-ին, այսինքն` Կազանի հանդիպման շրջակայքում` դրանից առաջ կամ հետո»:

«Ժամանակի» զրուցակիցն է փիլիսոփայության դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Հարությունյանը: Լրագրողը հարցնում է. - «Ի՞նչ է տալու ընդդիմությանը իշխանության լեգիտիմացման գործընթացը»: Պատասխան. - «Շատ մեծ առավելություններ, քանզի կստեղծվի լեգիտիմ, ժողովրդից կախված իշխանություն, որն արդեն պատասխանատու իշխանություն է: Նկատե՞լ եք, որ արտառոց դեպքերի մեծ մասը լինում է իշխանության փոխանցման ժամանակ` Մարտի 1-ը հենց այդ ժամանակ տեղի ունեցավ, գնացող ղեկավարն արեց, բայց դրանով նաեւ ստվեր գցեց իր հաջորդի վրա: Իսկ եթե լեգիտիմացման, օրինականության հարցը լուծված լիներ, մենք Մարտի 1 չէինք ունենա: Նրանք, ովքեր խոսում են երկխոսությանը հակառակ, թերեւս անհարմար չեն զգում այն մարմնի ոչ լեգիտիմացման համար, որում իրենք նստած են` միգուցե իրենց անձնական խնդիրները լուծելուն դա չի խանգարում: Սակայն կարծես թե վերին իշխանությունը լեգիտիմացման կարեւորությունը հասկանում է»:

«Հայոց աշխարհը» զրուցել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանի հետ: Լրագրողը հարցնում է. - «Ադրբեջանը ռազմական ագրեսիա սանձազերծի Ղարաբաղի դեմ, Հայաստանը կարո՞ղ է ապավինել ՀԱՊԿ երկրների աջակցությանը՝ նկատի ունենալով «մահմեդական գործոնը»։ Դուք ունե՞ք այդ հարցի պատասխանը»: Պատասխան. - «Այսօր թե՛ ԼՂՀ, թե՛ Հայաստանի զինված ուժերը գերազանց մարտունակ վիճակում են, եւ դա ոչ միայն մեր, այլեւ միջազգային փորձագետների գնահատականն է: Միեւնույն ժամանակ Հայաստանի պաշտպանական ռազմավարական կարողություններն ամրապնդվում են նաեւ ՀԱՊԿ-ի շրջանակներում: Այսօր ՀԱՊԿ անդամ որեւէ երկրի հանդեպ ագրեսիան համարվում է ագրեսիա ամբողջ ՀԱՊԿ-ի դեմ: Քանի որ ՀԱՊԿ երկրների գլխավոր նպատակը պատերազմական եւ ռազմական իրավիճակների բացառումն է ոչ միայն նախկին ԽՍՀՄ տարածքում, այլեւ ընդհանրապես ողջ աշխարհում, ապա միանշանակ է, որ ՀԱՊԿ անդամ երկրները չեն կարող անմասն մնալ Հարավային Կովկասում բռնկված հակամարտությունից: Ուստի, հաշվի առնելով ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամությունը, մենք կարող ենք լիահույս լինել ՀԱՊԿ-ի մեր դաշնակիցների համապատասխան արձագանքին ու աջակցությանը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG