Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի աշխատակիցնեը պահանջում են վճարել իրենց աշխատավարձը


«Նաիրիտ» քիմիական գործարան

«Նաիրիտ» քիմիական գործարան

«Նաիրիտ» քիմիական գործարանի մի քանի տասնյակ աշխատակիցներ ուրբաթ առավոտյան բողոքի ակցիա անցկացրին Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց` պահանջելով իշխանություններից միջամտել, որպեսզի իրենք կարողանան ստանալ վերջին 3 ամիսների իրենց աշխատավարձը:

Մինչեւ «Նաիրիտ»-ի աշխատակիցների նախագահական նստավայր հասնելը, այնտեղ էին կենտրոնացել շուրջ 2 տասնյակ ոստիկաններ, սակայն բողոքի ակցիան առանց միջադեպերի անցավ: Գործարանի աշխատակիցները հավաքվեցին նախագահական նստավայրի դիմացի մայթին, որից հետո կազմվեց երեք հոգանոց պատվիրակություն` ընկերության արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյանի գլխավորությամբ: Մինչ նախագահական նստավայր գնալը, արհմիության ղեկավարը լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ստեղծված իրավիճակը:
«Նաիրիտ»-ի արհմիության ղեկավար Հրաչ Թադեւոսյան

«Աշխատավարձը երեք ամսից ավելի ուշացել է, իսկ գործարանի վերագործարկման վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներում տարբեր կարծիքներ են շրջանառվում: Գործարանի աշխատողները չգիտեն` «Նաիրիտ»-ը վերականգվելու է, աշխատելու է, թե` ոչ: Ճիշտ է` գործարանի ղեկավարությունը ինֆորմացիա տվել է, որ ամեն ինչ արվում է երկրի նախագահի ու վարչապետի կողմից, որ «Նաիրիտ»-ը վերագործարկվի, բայց ժողովուրդը, ինչ-որ տեղ չվստահելով մեր ասածին, ուզում են նաեւ երկրի պատասխանատու, պաշտոնատար անձանցից, առաջին ձեռքից ինֆորմացիա ստանալ», - ասաց Թադեւոսյանը:

«Նաիրիտ»-ի աշխատակիցների փոխանցմամբ` գործարանը չի աշխատում մոտ մեկ տարի: Վերջին անգամ նրանք աշխատավարձ են ստացել ապրիլի 20-ին` այս տարվա փետրվարի աշխատավարձը:

Դեռ 2006 թվականին «Հայգազարդ» ՓԲԸ-ն եւ Մեծ Բրիտանիայում գրանցված «Rhinoville Property Limited» ընկերության միջեւ կնքված համաձայնագրով «Հայգազարդ» ՓԲԸ-ին պատկանող «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 90 տոկոսը վաճառվեց «Rhinoville Property Limited» ընկերությանը, իսկ 10 տոկոսի սեփականատերը Հայաստանի կառավարությունն է` ի դեմս Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության:

«Նաիրիտ»-ում այսօրինակ ճգնաժամ առաջացել էր նաեւ անցած տարի: Աշխատակիցները այն ժամանակ եւս բողոքի ակցիա անցկացրին նախագահի նստավայարի դիմաց:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան «Նաիրիտ»-ից տեղեկատվություն չտրամադրեցին աշխատակիցներին պարտք մնացած գումարի չափի մասին, սակայն փոխանցեցին, որ այս պահի դրությամբ ընկերության պարտքը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը կազմում է 1.07 միլիարդ դրամ, իսկ «Հայռուսգազարդ» ընկերությանը` 1.36 միլիարդ դրամ:

«Նաիրիտ»-ի սեփականատերերը` «Rhinoville Property Limited»-ը եւ Հայաստանի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը ընկերությունը կառավարելու համար օպերատոր են փնտրում: Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը լրանում է մի քանի օրից` հունիսի 15-ին:

Այսօր կառավարության նիստում «Նաիրիտի» խնդրին անդրադարձավ վարչապետ Տիգրան Սարգսյանը` դիմելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին. - «Կարծում եմ, որ լավագույն ձեւը մաքսիմալ տեղեկատվության տրամադրումն է եւ թափանցիկության ապահովումը, որովհետեւ վերջին շրջանում ակնհայտորեն ինչ-որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ-որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում, ինչ-որ ուղղություններ են տալիս», - ասաց վարչապետը:

Ի պատասխան` նախարար Արմեն Մովսիսյանը տեղեկացրեց, արդեն երեք ընկերություններ հետաքրքրության հայտ են ներկայացրել «Նաիրիտ»-ի կառավարման համար:

Այսօր գործարանի արհմիության ղեկավարի գլխավորած փոքր պատվիրակությունը նախագահական նստավայրում մոտ մեկ ժամ տեւողությամբ հանդիպում ունեցավ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի հետ:

«Պարոն Հովսեփյանը ասաց, որ [նախագահի աշխատակազմի ղեկավար] Կարեն Կարապետյանը զբաղվում «Նաիրիտ»-ի հարցով, այս պահի դրությամբ նա կառավարության նիստի է մասնակցում, փոխանցել է, որ առաջիկա 15 օրվա մեջ «Նաիրիտ»-ի ընդհանուր փաթեթի հարցը լուծվելու է` այդ թվում ե'ւ աշխատանքի, ե'ւ աշխատավարձի հարցը», - ասաց Թադեւոսյանը:

Նախագահի մամլո գարսենյակից եւս «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ նախագահի աշխատակազմը անմիջականաորեն հետևում է խնդրին եւ ամեն ինչ արվում է հարցը լուծելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG