Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցչի նամակը


Երեկ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տարածվել է Հայաստանի մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի նամակը Ադրբեջանի` ՄԱԿ-ում ձեռնարկած հակահայկական քայլերի վերաբերյալ:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` դեսպան Նազարյանը կազմակերպության գլխավոր քարտուղար Բան Կի-մունի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական քարոզչության վրա:

Գլխավոր քարտուղարին ուղղված գրության մեջ Հայաստանի մշտական ներկայացուցիչը նշել է, որ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի օրակարգի կարեւորության ֆոնին իսկապես հիասթափեցնող է այն փաստը, որը Ադրբեջանը շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ-ի անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:

Ընդգծելով, որ Ադրբեջանում անգամ ամենաբարձր մակարդակով անուշադրության են մատնվում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ-ի գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահող երկրների եւ Եվրամիության ղեկավարների կողմից հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ շփման գծում դիպուկահարների ետքաշման վերաբերյալ հայտարարությունները` Նազարյանը հույս է հայտնել, որ «Ադրբեջանն անհիմն եւ սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա»:

Ամփոփելով նամակը` Կարեն Նազարյանը ընդգծել է, որ «Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG