Մատչելիության հղումներ

Արիս Նալջի. «Արդյո՞ք Թուրքիայում կրկին Դաշնակցություն կստեղծվի»


Ստամբուլ, Թուրքիա
Ստամբուլ, Թուրքիա
Թուրքիայում ավելանում այն հայերի թիվը, ովքեր չեն վախենում խոսել իրենց ծագման մասին:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր նման կարծիք հայտնեց «Ակոս» թերթի պատասխանատու խմբագիր Արիս Նալջին` որպես օրինակ մատնանշելով մահմեդականություն ընդունած հայերի կենտրոն համարվող Հոպայի շրջանը, որտեղ մոտ երկու շաբաթ առաջ` վարչապետ Ռեջեփ Էրդողանի այցի ընթացքում, կատաղի բախումներ էին տեղի ունեցել:

«Մոտ չորս-հինգ ամիս առաջ այնտեղ էի, մարդիկ ասում էին, որ ազգությամբ հայ են: Ի դեպ Թուրքիայում ավելացել է այն մարդկանց թիվը, որոնք ասում են, թե ազգությամբ հայ են` կամ ավելի ճիշտ հայկական ծագում ունեն: Դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց բավականաչափ վստահ են զգում նման բան հայտարարելու համար: Կրոնով մահմեդական են, բայց խոսում են հայերեն», - նշում է Նալջին` նկատելով, սակայն, որ տասնամյակներով թաքցված ծագման բացահայտումն ի վերջո քաղաքական կապիտալի չի վերածվում:


«Համշեցիներն ասում են, որ հայ են: Հետո՞, ինչի՞ պետք է վերածվի դա: Արդյոք հնարավոր է լինելու հայկական կուսակցության ստեղծումը, արդյո՞ք այս երկրում կրկին Դաշնակցություն կստեղծվի: Դա, ի դեպ, կարող ենք անել հենց թուրքական օրենքի շրջանակներում, քանի որ Դաշնակցությունը պաշտոնապես փակված կուսակցությունների թվին չի պատկանում», - նշում է Նալջին:


Խոսելով Թուրքիայում ապրող հայերի քաղաքական դերակատարությունն ավելացնելու անհրաժեշտության մասին` «Ակոսի» պատասխանատու խմբագիրը մեկ այլ միտում էլ է նկատում: Ստամբուլահայ լրագրողի պնդմամբ, քաղաքացիության մասին օրենքը հնարավորություն է տալիս նախկինում թուրքական անձնագիր ունեցած մարդկանց հետնորդներին դիմել Թուրքիայի քաղաքացի դառնալու խնդրանքով: Որպես օրինակ բերելով ֆրանսիական Մարսել քաղաքը` Նալջին պնդում է, թե այնտեղ բնակվող հայերի մի զգալի մասն արդեն իսկ թուրքական անձնագիր է ստացել: Պատճառը այն է, որ տեղի հայերի մի զգալի մասը չի ցանկանում կտրել կապը Թուրքիայի հետ:

«Անձնագրերը ստացել են, սակայն քաղաքական նպատակներով այն չեն օգտագործում: Ես չորս տարի է արդեն սփյուռքում ասում եմ` եթե ուզում եք ինչ-որ բան անել հայերի համար` եկեք ու քվեարկեք: Բայց չեն գալիս. իհարկե` Փարիզում եւ Ամերիկայում շատ ավելի լավ է, միջամտելու ցանկություն էլ չկա», - հեգնում է «Ակոսի» պատասխանատու խմբագիրը:

Խոսելով Երեւանի եւ Անկարայի հարաբերությունների մասին` Արիս Նալջին հիմնական հույսը կապում է Հայաստանին հարող քրդաբնակ շրջաններին ավելի լայն իրավունքներով օժտելու հնարավորության հետ: Այդ դեպքում քրդաբնակ շրջանների իշխանությունները, զուտ տնտեսական շահավետությունից ելնելով, իրենք կզարգացնեն կապերը Հայաստանի հետ:

«Առայժմ Հայաստանի սահմանի երկայնքով ապրող քրդերի նման ջանքերը արգելակվում են կենտրոնական իշխանության կողմից», - նշում է Արիս Նալջին` որպես օրինակ բերելով ազգությամբ քուրդ գործարարներից մեկի` Վան-Երեւան ավիաչվերթի բացման նախաձեռնությունը:

Այս քայլը մի քանի ամիս առաջ լայն քննարկումների առիթ դարձավ, հետագայում էլ արագորեն մոռացվեց:

«Այդ գործարարը աշխատում է GermanWings ավիաընկերության հետ: Նա մեկուկես միլիոն եվրո արժողությամբ օդանավ գնեց Բեռլինից: Այդ օդանավը տեղափոխվեց Վան, սակայն չի գործարկվում, քանի որ կառավարությունը թռիչքների պաշտոնական թույլտվություն չի տվել», - պատմում է Նալջին:

Ինչ վերաբերում է պաշտոնական կապերին, ապա ստամբուլահայ լրագրողի խոսքով, այդ առնչությունները շատ ավելին են, քան կարող է թվալ առաջին հայացքից:

«Կուլիսային շփումներ կան անգամ երկու երկրների ուժային կառույցների միջեւ», - պնդում է Նալջին:

Անդրադառնալով երեք օրից Թուրքիայում կայանալիք ընտրություններին եւ այն իրողությանը, որ կրկին որեւէ հայ թեկնածու այդպես էլ չառաջադրվեց` Նալջին նշում է. - «Այդ միակ հայ պատգամավորի վրա պատասխանատվության եւ համարձակության շատ մեծ բեռ է դրված լինելու: Այդ մարդը պետք է կարողանա հայերեն խոսել, քանի որ 549 թուրք պատգամավոր նրան հաստատ հարցնելու են` խոսո՞ւմ է հայերեն, թե ոչ: Այդ մարդը պետք է շատ լավ իմանա հայոց պատմությունն ու այն ամենն ինչ կապված է Ցեղասպանության հետ: Եթե այդ 549 պատգամավորից գեթ մեկը նրան հարցնի` [խորհրդարանում] ասելու ես ցեղասպանություն բառը, թե ոչ, եւ պատասխան չստանա` վերջ: Նրա հայ լինել կամ չլինել արդեն կարեւոր չի լինի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG