Մատչելիության հղումներ

logo-print
Հինգշաբթի օրը Երեւանում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հրաժարվել են այցի վերաբերյալ տեղեկություններ հայտնել հայ լրագրողներին` ասելով, թե Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներից հետո կհրապարակեն հայտարարություն։ Ուշ երեկոյան նրանց համատեղ հայտարարությունը տեղադրվեց ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն, Ռոբերտ Բրադկեն եւ Իգոր Պոպովը, հունիսի 6-9-ը այցելել են Բաքու, Լեռնային Ղարաբաղ եւ Երեւան, ասված է հայտարարությունում: Համանախագահներին ուղեկցել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Համանախագահները առանձին հանդիպել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ «Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ», նշված է փաստաթղթում:

Նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի, Իլհամ Ալիեւի եւ Սերժ Սարգսյանի առաջիկա հանդիպման նախապատրաստման այս փուլում Մինսկի խմբի համանախագահները կողմերի հետ քննարկել են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են հարատեւ խաղաղության հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու եւ դրանց հավանություն տալու համար, ինչպես մայիսի 26-ին Դովիլում ընդունած հայտարարությամբ կոչ են արել նախագահներ Մեդվեդեւը, Օբաման եւ Սարկոզին:

Համանախագահները իրենց հայտարարությունում նշել են, որ հունիսի 7-ին իրենք ադրբեջանական կողմից Աղդամի շրջանում ոտքով հատել են շփման գիծը, ինչը վերջին 10 ամիսների ընթացքում արվում է երրորդ անգամ` նույնքան, որքան շփման գիծը հատվել է նախորդ 16 տարիների ընթացքում, դրանով իսկ ապացուցելով, որ կողմերը կարող են համագործակցել եւ լիարժեքորեն իրագործել 1994 թվականի հրադադարի պայմանները:

«Այս առնչությամբ համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ սադրիչ գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացը այս վճռորոշ պահին», - իրենց հայտարարությունը եզրափակել են միջնորդները:

Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ ձեւաչափով իններորդ հանդիպումը նախատեսված է հունիսի 25-ին Կազանում: Այդօրինակ նախորդ հանդիպումը տեղի է ունեցել Սոչիում՝ 2011 թվականի մարտի 5-ին:

Քաղաքական շրջանակներում ենթադրում են, որ Ռուսաստանի Դաշնության Թաթարստանի հանրապետության մայրաքաղաքում Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները կարող են հավանություն տալ Մադրիդյան հիմնարար սկզբունքների վերջնական տարբերակին: Այդ է նշել Ստեփանակերտում նաեւ Բեռնար Ֆասիեն:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG