Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են արել «ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին այս վճռորոշ պահին»:

ԵԱՀԿ-ի կայքում զետեղված հաղորդագրության համաձայն, Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) հունիսի 6-ից 9-ը տարածաշրջան կատարած այցի ընթացքում հանդիպումներ են ունեցել «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո ղեկավարների հետ», եւ քննարկել են կողմերի քայլերը, որոնք անհրաժեշտ են հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը ավարտին հասցնելու եւ դրանց վերաբերյալ իրենց աջակցությունը հայտնելու համար, ինչպես կոչ էր արվում նախագահներ Մեդվեդեւի, Օբամայի եւ Սարկոզիի կողմից Ֆրանսիայի Դովիլ քաղաքում մայիսի 26-ին ընդունված հայտարարությունում:

Համանախագահները նշել են, որ հունիսի 7-ին իրենք ադրբեջանական կողմից Աղդամի շրջանում ոտքով հատել են Շփման գիծը` ինչը վերջին 10 ամիսների ընթացքում արվում է երրորդ անգամ, նույնքան, որքան անգամ Շփման գիծը հատվել է նախորդ 16 տարիների ընթացքում` դրանով իսկ ապացուցելով, որ «կողմերը կարող են համագործակցել եւ լիարժեքորեն իրագործել 1994 թվականի հրադադարի պայմանները»:

«Այս առնչությամբ համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին այս վճռորոշ պահին», - իրենց հայտարարությունը եզրափակել են միջնորդները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG