Մատչելիության հղումներ

Համանախագահները առաջընթաց են ակնկալում Կազանի գագաթնաժողովում


Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը ընդունում է Մինսկի խմբի համանախագահներին: 9-ը հունիսի, 2011:

Հայաստանի նախագահը Սերժ Սարգսյանը ընդունում է Մինսկի խմբի համանախագահներին: 9-ը հունիսի, 2011:

Արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն, Նալբանդյանի հետ զրույցի ընթացքում համանախագահները հույս են հայտնել, որ Կազանում կայանալիք գագաթաժողովին առաջընթաց կարձանագրվի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում:

Հայաստանի արտգործնախարարը ընդգծել է, որ «Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին, եւ, եթե Ադրբեջանը պատրաստ լինի տալ իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի կարգավորման գործընթացում արձանագրել ակնկալվող առաջընթացը»:

«Արդյո՞ք Ադրբեջանի պաշտոնյաների` անգամ Դովիլից հետո բանակցային գործընթացի էությունը աղավաղող կամ հորինված մանրամասներ ներկայացնող հայտարարությունները խաղաղախահ ուժերի կամ այլ հարցերի մասին, վկայում են առաջարկություններին առանց փոփոխությունների եւ լրացումների համաձայնություն տալու` Բաքվի պատրաստակամության մասին, ինչի վերաբերյալ կոչ էին արել համանախագահները», - հարցադրում է արել Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանի հետ հանդիպումից հետո համանախագահները հրաժարվեցին պատասխանել լրագրողների հարցերին:

«Մինչ ձեր նախագահի հետ զրուցելը մենք որեւէ հրապարակային հայտարարություն չենք անի», - ասաց Բեռնար Ֆասիեն` հավելելով. - «Իսկ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո մենք հանդես կգանք գրավոր հայտարարությամբ, ինչպես սովորաբար անում ենք»:

Ավելի ուշ տարածած հայտարարությունում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել «ձեռնպահ մնալ պրովոկացիոն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին այս վճռորոշ պահին»:

Բեռնար Ֆասիեն, հիշեցնենք, երեկ միջազգային միջնորդների եւ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հանդիպումից հետո հետո Ստեփանակերտում հայտարարել էր, թե համանախագահները հույս ունեն, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Կազանում կայանալիք հանդիպմանը կողմերը հավանություն կտան կարգավորման փաստաթղթի վերջնական տարբերակին:

Լեռնային Ղարաբաղում, սակայն, ամենեւին չեն կիսում միջազգային միջնորդների լավատեսությունը: Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «շատ վաղաժամ» համարեց հակամարտության վերահաս կարգավորման հնարավորության մասին պնդումները:

Բաբայանի խոսքով` թերի է բանակցությունների ձեւաչափը. չմասնակցելով բանակցություններին` Ղարաբաղը չի կարող ինչ-որ պայմանավորվածություններ կատարել:

«Այս պահի դրությամբ ասել, որ կողմերի միջեւ կարող են մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ արմատական տարբերությունները հարթվել, իրատեսական չէ», - հավելել է Բաբայանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG