Մատչելիության հղումներ

Լոռու գյուղական տնտեսությունները չեն կարողանում մարել նախորդ տարիների վարկերը


Կառավարությունը սկսել է սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը, սակայն Լոռու շատ գյուղական տնտեսություններ, պարտքերի տակ կքած, չեն կարողանում մարել նախորդ տարիների վարկերը:

Լոռու գյուղական տնտեսությունները հիմնականում վարկեր են վերցնում ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկից: Մայիս ամսվա տվյալներով, բանկն ունի 3 հազար 100 ընթացքիկ վարկ, որոնք հիմնականում գյուղվարկեր են:

Բացի այդ, բանկի Լոռու մասնաճյուղը գյուղացիական տնտեսությունների դեմ շուրջ 250 հայց է ներկայացրել Լոռու մարզի դատարաններ:

Լոռիի բոլոր 105 գյուղերն էլ վարկառու են: Բանկի հաշվարկները ցույց են տալիս, որ ամեն մի գյուղից երկու կամ երեք վարկառու վարկը չմուծելու հետեւանքով հայտնվում է դատարանում:

ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկի Լոռու մասնաճյուղի կառավարիչ Արտաշես Այվազյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով գյուղվարկերին, նշում է, որ գյուղական բնակավայրերում միշտ չէ, որ գիտակցում են բանկի հետ աշխատելու կանոնները: Երբեմն գյուղում մեկը մյուսին երաշխավորելով՝ չի էլ գիտակցում, որ վերջում ինքն է պարտքի տակ ընկնելու:

Դատական ատյաններում բանկի օգտին կայացված 320 որոշում գտնվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու մարզային բաժնի վարույթում:

«Այդ որոշումներով բռնագանձման է ենթակա շուրջ 109 միլիոն դրամ: Դրանց 60-70 տոկոսը գյուղվարկերն են», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության Լոռու մարզային բաժնի պետ Արմեն Հարությունյանը:

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը էլեկտրոնային տարբերակով աճուրդի է դրել 47 միլիոն դրամի մեկնարկային գնով գույք, որոնք պատկանում են Լոռիի գյուղացիական տնտեսություններին:

Հարությունյանն ասում է, թե որոշ դեպքերում աճուրդները մեկ տարուց ավելի է չեն կայանում՝ գյուղական գույքը գնորդ չունի:

Կառավարությունը գյուղացիաան տնտեսություններին աջակցելու նպատակով որոշեց այս տարվա ապրիլի 1-ից սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը:

Այդ վարկերը տրամադրվելու են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4-6 տոկոսը սուբսիդավորելու է պետությունը: Վարկերը հատկացվում են մինչեւ 3 միլիոն դրամի սահմաններում` 2 տարի մարման ժամկետով: Վարկերի սուբսիդավորման համար կառավարությունը նախատեսում է բանկերին հատկացնել 250 միլիոն դրամ:
XS
SM
MD
LG