Մատչելիության հղումներ

logo-print

Արազ Ազիմով. «Ադրբեջանը չի ուզում պատերազմ»


Ադրբեջանը չի ուզում պատերազմ, բայց հունիսի վերջին Կազանում կայանալիք հանդիպման արդյունքում ճեղքման հնարավորություն չի տեսնում: Այդ մասին Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը:

Ազիմովը հավաստիացրել է, որ Ադրբեջանը չի սպառազինում իր բանակը Հայաստանի դեմ պատերազմի համար, փոխանցում է Reuters-ը` միաժամանակ հիշեցնելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս ամիս արած հայտարարությունը, թե «ազատագրելու է օկուպացված հողը թշնամուց»:

«Մենք շահագրգռված չենք պատերազմով: Եթե տեսնում ենք դիվանագիտական հնարավորություններ, ինչո՞ւ պետք է մտածենք պատերազմի մասին», - ասել է ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը` հավելելով. - «Ո՞վ է ասել, որ Ադրբեջանը պետք է թույլ բանակ ունենա: Լավ է ունենալ լավ բանակ եւ ավելի լավ է չօգտագործել այն: Դա է մեր սկզբունքը»:

Այդուհանդերձ, Reuters-ը հիշեցնում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղը պատերազմով վերադարձնելու պատրաստակամության մասին:

Հունիսի 25-ին Կազանում կայանալիք Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից Ազիմովի սպասելիքները մեծ չեն: «Ես չեմ ակնկալում հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնություն Կազանում, սակայն ակնկալում եմ որոշակիորեն ավելի մեծ հստակություն կարեւորագույն հարցերում», - Reuters-ին ասել է նա:

«Ադրբեջանը պատրաստ է որոշակի ճկունություն ցուցաբերել: Այն, ինչ մենք ենք ուզում, հստակ է եւ միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում է, բայց, միաժամանակ, պակասին էլ չենք կարող համաձայնել», - հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG