Մատչելիության հղումներ

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը այսօր մերժեց «Հայկական ժամանակ» օրաթերթի բողոքը եւ անփոփոխ թողեց ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որի համաձայն թերթը պարտավոր է հատուցել է Ազգային ժողովի երեք պատգամավորներին պատճառած վնասը:

Փետրվարին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մասամբ բավարարել էր Ազգային ժողովի պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Լեւոն Սարգսյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հայցը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ` պարտավորեցնելով թերթին հերքում տպագրել, ինչպես նաեւ պատգամավորներից յուրաքանչյուրին վճարել 2 միլիոն 44 հազար դրամ, որպես նրանց պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցում:

Վերաքննիչ դատարանն այսօր ուժի մեջ թողեց այդ վճիռը:

«Հայկական ժամանակ»-ի հրատարակիչ «Դարեսկիզբ» ԱՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանն ասում է` Վերաքննիչի որոշումը քաղաքական էր, բայց իրենք չեն դադարելու պայքարել. - «Այս ընթացքում բազմաթիվ այլ լրատվամիջոցների, տպագիր թերթերի դեմ հայցեր ներկայացվեցին, վճիռներ հրապարակվեցին, եւ արդեն նույնիսկ միջազգային կառույցներն են մտահոգություն հայտնում Հայաստանում օրենքի տվյալ կետի փոփոխության, ապաքրեականացման հետ կապված, որը մեծ հնարավորություններ է տալիս մամուլի նկատմամբ ճնշումներ գործադրել ֆինանսական ծանր իրավիճակ ստեղծելու միջոցով»:

«Հայկական ժամանակ» թերթի անցած տարվա հոկտեմբերի 14-ի համարում «Ութից յոթը ցուցակում են» վերնագրով հոդվածում ասվում էր, թե Ռուսաստանի իրավապահները կազմել եւ Մոսկվայում գործող «Միաբանություն» ակումբի նախագահ Սմբատ Կարախանյանի հետ քննարկել են իրենց քննած քրեական գործում շրջանառվող հայաստանյան պաշտոնյաների ու պատգամավորների մի ցուցակ, որում նշված են եղել նաեւ երեք պատգամավորների անունները: Թերթը նշել էր, թե հարուցված քրեական գործերը առնչություն ունեն նարկոբիզնեսի, թրաֆիքինգի եւ փողերի լվացման հետ:

Ինֆորմացիայի աղբյուրը հաստատել էր, որ ինքն է թերթին հայտնել այդ տեղեկությունը:

«Մարդը, ով տվել էր այդ ինֆորմացիան` Սմբատ Կարախանյանի մասին է խոսքը, նա մի քանի անգամ պնդել է, որ տեր է իր ինֆորմացիային եւ նույնիսկ խորհուրդ է տվել տվյալ անձանց դիմել իրեն` ինչ-որ հարցեր պարզելու համար: Բայց դա դատարանին ոչինչ չի ասել, չի խանգարել, որպեսզի այդ 6 միլիոն դրամը հաստատի եւ ուժի մեջ թողնի: Այս ֆոնին ուղղակի անհնար է չհիշել, որ բոլորովին վերջերս «Հետք» էլեկտրոնային թերթի լրագրողին վիրավորել էր նույն Ռուբեն Հայրապետյանը, ով մեզանից վիրավորվելու համար 2 միլիոն դրամ է պահանջում: Հայհոյել էր լրագրողին, ձայնագրությունը կար, փաստը ապացուցված էր, բայց դատարանը մերժեց լրագրողի բողոքը»:

Սա վերջին 1 տարվա ընթացքում «Հայկական ժամանակ»-ի դեմ երկրորդ դատական հայցն է:

Անցած տարի պատիվը եւ արժանապատվությունը արատավորող տեղեկությունների հերքման եւ վնասի հատուցման պահանջով դատարան էր դիմել նաեւ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` իրեն հասցված վնասը գնահատելով 16 միլիոն դրամից ավելի: Դատարանը այս հայցադիմումը եւս մասամբ էր բավարարել. «Հայկական ժամանակ»-ը ստիպված եղավ վճարել մոտ 3.5 միլիոն դրամ:

«Ամենայն պատասխանատվությամբ կարող եմ ընդամենը ասել, որ չկա այդպիսի դժվարություն, որ «Հայկական ժամանակ»-ը ի վիճակի չլինի հաղթահարել», - հայտարարեց Աննա Հակոբյանը` շարունակելով. - «Մեր գործունեությունը չի փոխվի… այնպես որ ջանքերը իրենց կողմից ապարդյուն են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG