Մատչելիության հղումներ

Թուրքիայում ընտրարշավը մոտենում է ավարտին


Թուրքիա -- Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական հանդիպմանը Դիարբեքիրում, հունիս, 2011թ.

Թուրքիա -- Վարչապետ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունենում իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նախընտրական հանդիպմանը Դիարբեքիրում, հունիս, 2011թ.

Որքան մոտենում են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, այնքան ավելի բազմազան է դառնում քաղաքական ուժերի գործելաոճը:

Թեկնածուների մի մասը փողոցում կառուցված տաղավարներում է հանդիպում քվեարկողների հետ, մյուսները ահռելի ավտոբուսներով` նախընտրական երգերի ուղեկցությամբ, շրջում եմ մի թաղամասից մյուսը` Ստամբուլի բնակիչներին կուսակցական խորհրդանիշներով գրիչներ, գլխարկներ ու դրոշակներ բաժանելով:

Քաղաքական ուժերին զուգահեռ` բավական ակտիվ են տարբեր հասարակական ու արհմիութենական կառույցները:

Չորեքշաբթի օրը, օրինակ, Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում նստացույց էին կազմակերպել համալսարանների շրջանավարտները` պահանջելով կառավարությունից կոնկրետ քայլեր ձեռնարկել գործազրկությունը հաղթահարելու համար:

Այս ամենը, սակայն, քարոզարշավի միայն տեսանելի հատվածն է, հիմնական պայքարն ընթանում է էլեկտրոնային լրատվամիջոցներում, նախ եւ առաջ` շուրջօրյա լրատվական ալիքներում, որոնց թիվն այս օրերին հասավ 12-ի: Թուրքիայի վարչապետի փեսային պատկանող Turkuvaz մեդիա հոլդինգի կազմում սկսեց աշխատել մի նոր լրատվական ալիք`A-Haber-ը: Ինչպես բացատրում են հեռուստաալիքի ներկայացուցիչները, նման թանկարժեք նախագծի իրագործումը նպատակ ուներ վարչապետ Ռեջեփ Էրդողանի կողմնակիցներին օժտել նաեւ լրատվական հեռուստաալիքով, քանի որ ժամանցային հեռուստատեսություն եւ թերթեր հոլդինգի կազմում արդեն իսկ կային:

Իշխանամետ լրագրողները այս օրերին Թուրքիայում ընդհանրապես չեն խուսափում ասել, որ պաշտպանում են Էրդողանին եւ նրա կուսակցությանը: Սա, որպես հետեւանք, իր ազդեցությունն է թողնում խմբագրական քաղաքականության վրա: Երբեմն լրատվամիջոցները որոշում են պարզապես չանդրադառնալ նախընտրական որոշ հանդիպումների:

Իշխանամետ Sabah պարբերականի առաջատար լրագրողներից Յավուզ Բայդարը ընդունում է, որ հենց իր թերթը եւս քարոզարշավի անկողմնակալ լուսաբանման հետ խնդիրներ ունի:

«Կիրակի օրը մեր թերթը մոտ վեց տասնյակ բողոք ստացավ այն պատճառով, որ մենք բավարար ուշադրություն չէինք դարձրել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության` Իզմիրում հրավիրած մեծ հանրահավաքին: Ստամբուլի ասիական հատվածում իսլամիստական «Բարօրություն» կուսակցությանը հաջողվել էր մեծ հանրահավաք անցկացնել, սակայն մեր պարբերականը այդ իրադարձությանը չանդրադարձավ ընդհանրապես: Քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ մի քանի օր առաջ 100-հազարանոց հանրահավաք անցկացրեց Դիարբեքիրում, սակայն միայն մի հեռուստաընկերություն լուսաբանեց այդ հավաքը: Ուրիշ կուսակցական առաջնորդներ 5, երբեմն` 10-15 րոպե ուղիղ եթեր են ստանում, իսկ այս պարագայում` առավելագույնը 30 վայրկյան», - ասում է Բայդարը:

Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները անցկացվելու են առաջիկա կիրակի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG