Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շատ վաղաժամ համարեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին խոսելը:

Արձագանքելով չորեքշաբթի օրը Ստեփանակերտում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հնչեցրած տեսակետին, թե հունիսի վերջին Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները կարող են հավանություն տալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջնական փաստաթղթին, Ղարաբաղի նախագահի խոսնակը հայտարարեց. - «Դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու, տեսանելի ապագայում դժվար թե կարեւոր տեղաշարժ լինի»:

Իր կարծիքը Բաբայանը հիմնավորեց մի քանի պատճառներով:

Նախ եւ առաջ, նրա խոսքերով, «ինքը բանակցությունների ձեւաչափը թերի է, Արցախը չի մասնակցում». - «Հետեւաբար` ստեղծվում է մի տարօրինակ իրավիճակ. փաստորեն, մենք, չմասնակցելով այդ գործընթացին, պետք է իրականացնենք պայմանավորվածություններ, որոնց մենք չենք մասնակցել, այսինքն` այլ պետությունների կողմից մշակված տարբերակներ»:

Երկրորդ պատճառը, ըստ Ղարաբաղի նախագահի խոսնակի, այն է, որ այդ տարբերակների շուրջ կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ. - «Ադրբեջանը մի ձեւ է հասկանում հակամարտության կարգավորումը, Հայաստանը` մեկ այլ ձեւ, Արցախը նույնպես իր ձեւով է հասկանում հակամարտության կարգավորումը, եւ այս պահի դրությամբ խոսել, որ կողմերի միջեւ կարող են մեկ-երկու շաբաթվա ընթացքում այդ արմատական տարբերությունները հարթվել` իհարկե իրատեսական չէ»:

Դավիթ Բաբայանը վկայակոչեց հայ - թուրքական արձանագրությունների օրինակը` ասելով. - «Քանի որ կողմերը ունեն իրարամերժ մոտեցումներ, արձանագրությունները ուղղակի մնացին որպես մի, այսպես ասած, բարի կամք արտահայտող փաստաթուղթ: Հետեւաբար, նույնիսկ եթե Կազանում ինչ-որ բան ստորագրվի, դա լինելու է ընդհանուր մոտեցում, կլինի ինչ-որ մեկ քայլ տասնյակ հազարավոր կիլոմետր ճանապարհի վրա: Բայց ակնկալել բեկում` դեռեւս շատ ու շատ վաղաժամ է»:

Ադրբեջանական կողմը, իր հերթին, ողջունելով հակամարտության կարգավորմանը նպաստելու` միջնորդ երկրների ձգտումը, շարունակում է պնդել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը քննարկման ենթակա չէ:

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, մասնավորապես, ադրբեջանական գործակալություններին տված հարցազրույցում հայտարարելով, որ կարգավորումը պետք է հենվի Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մանրամասնել է. - «Ադրբեջանը հարգում է այս ակտի բոլոր սկզբունքները եւ գիտակցում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը պետք է իրագործվի միայն պետությունների տարածքային ամբողջականության հետ համապատասխանությամբ: Ելնելով հենց այս սկզբունքներից` Ադրբեջանը ակնկալում է, որ օկուպանտները կհեռանան օկուպացված տարածքներից, փախստականները կվերադառնան իրենց հայրենի բնակավայրերը, եւ Ղարաբաղի ադրբեջանցիներն ու հայերը խաղաղությամբ կապրեն միասին»:

«Ավելին մենք չենք ուզում, բայց պակասին չենք համաձայնի» - հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը` միաժամանակ վստահեցնելով, թե «միջազգային համընդհանուր իրավական սկզբունքների շրջանակներում Ադրբեջանը պատրաստ է փոխզիջումների»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG