Մատչելիության հղումներ

OFID-ը 20 միլիոն դոլարի վարկ է տրամադրում Հայաստանին


Համաշխարհային տնտեսական վեհաժողովի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով հանդիպմանը մասնակցելու նպատակով Վիեննայում գտնվող Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը երեկ Նավթարդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) միջազգային զարգացման հիմնադրամի (OFID) կենտրոնակայանում հանդիպում է ունեցել կառույցի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշի հետ: Հանդիպումից հետո Հայաստանի եւ OFID-ի միջեւ ստորագրվել է վարկի տրամադրման մասին պայմանագիր:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը եւ OFID-ի գլխավոր տնօրեն Սուլեյման Ջազիր Ալ Հերբիշը:

Գյուղացիական ակտիվների ստեղծման ծրագիրը Հայաստանում կիրականացվի Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) կողմից: 20 միլիոն դոլար ծավալով վարկը նպատակաուղղված է լինելու գյուղացիական տնտեսությունների կարողությունների ստեղծման ծրագրի ֆինանսավորմանը, ինչպես նաեւ ենթակառուցվածքների զարգացմանը: Ծրագրի շահառուները կլինեն հիմնականում գյուղական բնակավայրերի բնակիչները, մասնավորապես մանրածավալ արտադրողները, պտղի եւ ընկուզեղենի արտադրությամբ զբաղվողները, ինչպես նաեւ լեռնային անապահով համայնքների ներկայացուցիչները: Վարկի մարումը կսկսվի 5 տարի հետո: Մարման ժամկետը 15 տարի է, տոկոսադրույքը` 3.5 տոկոս:

Ինչպես տեղեկացրել է Վաչե Գաբրիելյանը, ընդհանուր նպատակը գյուղական համայնքների աղքատության նվազեցումն է: Կարեւորելով այս վարկի ստացումը` նախարարը նշել է, որ այն կօգնի Հայաստանում շատ արագ բարելավել սպասարկումը եւ ստեղծել գյուղատնտեսական կարողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG