Մատչելիության հղումներ

logo-print

Ժոել լը Մորզելեկ. «Համալսարանի ներսում անառողջ մթնոլորտ չկա»


Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը:

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկը:

Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզելեկի պնդմամբ` իր ղեկավարած բուհում մթնոլորտն անառողջ չէ, ընդամենը 5-6 դասախոսներ, որոնց պայմանագրերը չեն երկարացվել, դիմել էին դատարան:

«Համալսարանի ներսում չկա անառողջ մթնոլորտ: Համալսարանում կային մի քանի դասախոսներ, որոնց աշխատանքային պայմանագրերն ավարտվելուց հետո չեն երկարացվել եւ նրանք դիմել էին դատարան: Այդ դասախոսները շատ փոքր թիվ են կազմում` 5-6 հոգի: Մենք կդիմենք վերաքննիչ դատարան եւ հարցը կթողնենք վերաքննիչի որոշմանը», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց ռեկտորը` շարունակելով. - «Հավելեմ, որ անհիմն կերպով վարկաբեկվել են համալսարանի մի շարք աշխատակիցներ: Դա հիմնականում տեղի է ունենում նամակների եւ մամուլում հայտնված հոդվածների միջոցով»:

Հիշեցնենք, այդուհանդերձ, որ նախորդ տարի աշխատանքից ազատված 29 դասախոսները դիմել էին դատարանը, որն ամբողջովին բավարարել է նրանց պահանջները. դասախոսները վերականգնել են իրենց աշխատանքի իրավունքը, համալսարանն էլ պարտավորվել է վճարել հարկադիր պարապուրդի համար:

Սա, սակայն, համալսարանին առնչվող միակ դեպքը չէ, որին անդրադարձել է մամուլը: Նույն համալսարանի պրոռեկտոր Արայիկ Նավոյանը, ըստ մամուլում տարածված լուրերի, նախորդ ամիս հայհոյել ու ծեծի է ենթարկել համալսարանի շրջանավարտներից մեկին:

«Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում Նավոյանը պատմեց հետեւյալը. - «Քննարկման բովանդակությունը եղել է ակադեմիական բնույթի քննարկում, որի շրջանակում եղել է տարակարծություն: Ինձ անհայտ պատճառով դրսեւորվել է շատ վատ պահվածք, որը նաեւ դրսեւորվել է միջանցքում: Մի կաթիլ մեղրի պատմությունը ստեղծելը որեւէ մեկիս, առավել եւս` Ֆրանսիական համալսարանին եւ շրջանավարտին, ձեռնտու չէ… Տվյալ շրջանավարտի հետ կապված ես խնդիր չունեմ, որովհետեւ մենք բաժանվել ենք ձեռք-ձեռքի տված, ինքը` ներողություն խնդրած»:

Հավելենք, որ ֆրանսիական համալսարանի շրջանավարտների միությունը ստորագրահավաք է կազմակերպել` պահանջելով Նավոյանի հրաժարականը:

Հարցին, թե ինչու ուսանողները իրեն չեն սիրում, Նավոյանը արձագանքեց. - «Խորհրդային ժամանակներում ասում էին, որ լավ դասախոսին ուսանողը չի սիրում: Ես ինձ տրված լիազորությունների շրջանակում իրականացնում եմ իմ աշխատանքը: Մասնավորապես, համալսարանի ադմինիստրացիան անցած տարի կանխեց համալսարանի մի խումբ շրջանավարտների կողմից մյուս շրջանավարտներին իրենց անձնական բիզնես ծրագրերում ներգրավելու փորձերը: Արդյունքում ստացվեց, որ Նավոյանը չի ուզում, որ իրենց բիզնեսը ծաղկի»:

ֆրանսիական համալսարանի շրջանավարտների միության գործադիր Տիրան Ոսկանյանը «Մաքսլիբերթի»-ին ասաց հետեւյալը. - «Մեր ասոցիացիան չունի առնչություն ոչ գործարարության, ոչ համալսարանից հեռացված դասախոսների հետ: Սակայն չի բացառվում հիմնադիր անդամներից ոմանց կապերը վերը նշված գործունեության կամ անձանց հետ»:

Իսկ աշխատանքից ազատված դասախոսները, հիշեցնենք, պահանջում են ռեկտորի հրաժարականը:

Հարցին, թե ինչու են մի խումբ շրջանավարտներ պահանջում պրոռեկտոր Նավոյանի եւ մի խումբ դասախոսներ` ռեկտորի հրաժարականները, Ժոել լը Մորզելեկը պատասխանեց. - «Ինչ վերաբերում է իմ հրաժարականին, ասեմ, որ դա բացառիկ հարց է եւ որոշվում է հայկական եւ ֆրանսիական կառավարությունների կողմից, եւ այս դեպքում դասախոսները որեւէ բան չեն կարող պահանջել: Նույնը կարող եմ ասել նաեւ արտաքին կապերի գծով պրոռեկտորի հրաժարականի վերաբերյալ»:

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG