Մատչելիության հղումներ

Հայ փորձագետներին մտահոգում է խաղաղապահ ուժերի տեղակայման մասին Ադրբեջանի հայտարարությունը


Հայաստանցի փորձագետներն իրենց մտահոգությունն են հայտնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի տեղակայման վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարության կապակցությամբ:

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ Բաքվում կայացած բանակցություններից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը երեքշաբթի օրը հայտարարել էր, թե համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում: Ըստ Մամեդյարովի, այդ ուժերը չեն լինելու ո՛չ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող երկրներից, ո՛չ էլ տարածաշրջանի երկրներից: Պաշտոնական Երեւանը առայժմ չի արձագանքել Մամեդյարովի այս հայտարարությանը:
Մելիքյան.
Կողմերը դեռեւս շատ հեռու են փոխհամաձայնությունից
...

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարությունը 2004-2005թթ. ղեկավարած Արման Մելիքյանը այս առնչությամբ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հիշեցրեց, որ թե՛ 2009թ. Ակվիլայում, թե՛ 2010թ. Մուսկոկայում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Միացյալ Նահագների, Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահների ընդունած հայտարարություններում խոսվում է «խաղաղապահ գործողության» մասին:

«Այս տեսանկյունից ադրբեջանական կողմը պարզապես բարձրաձայնել է Մադրիդյան սկզբունքներից մեկը, եւ այդ առումով ճշմարտության դեմ որեւէ բան ասած չունի: Այլ խնդիր է, որ հայկական կողմերը Մադրիդյան սկզբունքների հետ կապված խնդիր ունեն, եւ եթե բանակցային օրակարգը չթարմացվի եւ նոր հիմնատարրեր չներմուծվեն, մեզ համար բավական տխուր մի պատկեր է ձեւավորվում», - ասաց Արման Մելիքյանը:

Լեռնային Ղարաբաղի նախկին արտգործնախարարը մանրամասնեց, թե միջազգային խաղաղապահ ուժերի մուտքը Լեռնային Ղարաբաղ կնշանակի տվյալ շրջաններից ղարաբաղյան ուժերի դուրսբերում:

Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, թե վերջին շրջանում «ղարաբաղյան հարցում աննախադեպ ակտիվություն է դիտվում միջնորդների կողմից»:

Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը եւ պաշտոնական Երեւանի լռությանը, Մեհրաբյանն ասաց, թե տպավորություն է առաջանում, որ Ադրբեջանի արտգործնախարարը շտապել է` կատարելով այդ հայտարարությունը, քանի որ այն անարձագանք մնաց համանախագահների կողմից:

«Մյուս կողմից` մենք տեսնում ենք, որ դրա հերքումն էլ չկա: Այսինքն` ծուխն առանց կրակի չի լինում, դա էլ հարցի մյուս կողմն է», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Մեհրաբյան.
Լուրջ քայլեր են արվում առաջին արդյունքին հասնելու համար ...

Փորձագետը շարունակեց, թե ինքը որոշակի կապ է տեսնում Մամեդյարովի այդ հայտարարության եւ Իրանի նախագահի հայաստանյան այցի անակնկալ կերպով հետաձգման միջեւ:

«Քանի որ Իրանը երբեւիցե չի թաքցրել իր ցանկությունը` տեսնել ստատուս քվոն տարածաշրջանում չփոփոխված: Եվ նրա այցի` ուղղակի ժամեր առաջ հետաձգումը կապված է հենց այս լրջագույն զարգացումների հետ», - վստահեցրեց Ռուբեն Մեհրաբյանը:

Փորձագետները ներկայացրեցին նաեւ իրենց գնահատականները առաջիկա զարգացումների վերաբերյալ:

«Ես կարծում եմ, որ դեռ ղարաբաղյան կարգավորման գործում սպասվում է բավականին երկար ճանապարհ: Սա ուղղակի փորձ է կատարել առաջին քայլը այդ բազմափուլ գործընթացում, բայց ես կարծում եմ, որ լուրջ քայլեր են արվում առաջին արդյունքին հասնելու համար», - ասաց Ռուբեն Մեհրաբյանը:

Իր հերթին Արման Մելիքյանը նշեց. - «Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի հիմնախնդրին ուղղված այս բանակցային փուլը արդյունավետ կլինի: Կողմերը դեռեւս շատ հեռու են փոխհամաձայնությունից: Դրան գումարած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, կարծում եմ, որ ասելիք կունենա: Այնպես որ դեռեւս ժամանակ կա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG