Մատչելիության հղումներ

Դատարանը մասնակի բավարարեց Արզաքանցյանի հայցը ընդդեմ «Երկիր» օրաթերթի


Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր մասնակի բավարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի հայցը ընդդեմ «Երկիր» օրաթերթի:

Դատարանը գտավ, որ թերթում հրապարակված վիճահարույց հոդվածում օգտագործված որակումներից միայն «լակոտ» բառն է վիրավորական: Դատարանը վճռեց «Երկիր խմբագրություն» ընկերությունից հօգուտ Տիգրան Արզաքանցյանի բռնագանձել 200 հազար դրամ` որպես հայցվորին պատճառված վնասի փոխհատուցման ենթակա գումար: Եվս 88 հազար դրամ դատարանը թերթին պարտավորեցրեց վճարել փաստաբանական ծառայությունների եւ դատական ծախսերի համար, ինչպես նաեւ թերթում հրապարակել վճռի եզրափակիչ մասը:

Մինչդեռ, պատգամավորը պահանջում էր պարտավորեցնել թերթին հրապարակել իր պատասխանը, ինչպես նաեւ փոխհատուցում վճարել 3 միլիոն դրամ, եւս 500 հազար դրամ փաստաբանական ծախսերի համար: Արզաքանցյանի փաստաբան Վահե Հովսեփյանը հրաժարվեց մեկնաբանել վճիռը` մինչեւ մանրամասն չծանոթանա դրա բովանդակությանը:

Ավելի քան երկու ամիս առաջ Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը հայցով դիմել էր դատարան` ընդդեմ «Երկիր» օրաթերթի: Գինի եւ կոնյակ արտադրող «Գրեյթ վելլի» ընկերության սեփականատեր Արզաքանցյանը համարում է, որ օրաթերթը վիրավորել է իրեն` այս հունվարին լույս տեսած համարներից մեկում իր մասին գրելով «ստիլյագա», «Քյավառա բարբառով խոսող», իսկ պնդումները, թե նա «ռուս գեղեցկուհիներ է Հայաստան տանում-բերում», «կազինոների մշտական հաճախորդ է», «ծեծ ուտելու սովորություն ունի» եւ այլն, պատգամավորը զրպարտություն է որակում:

Կոնկրետ «լակոտ» բառը, որի մասով բավարարվեց հայցը, թերթը մեջբերել էր Երեւանի կոնյակի գործարանի փոխտնօրեն Հրանտ Բագրատյանի խոսքերից:

«Երկիր»-ի ներկայացուցիչները պնդում են, թե հոդվածը հիմնված է եղել մամուլի մի շարք հրապարակումների վրա:

Ավելի ուշ, սակայն, Արզաքանցյանի փաստաբանը Բագրատյանից գրավոր հերքում էր բերել, թե ինքը նման բան չի ասել:

«Հրանտ Բագրատյանի այդ հայտարարությունը, որ ինքը այդպիսի բան չի ասել, մենք պարտաճանաչ կերպով զետեղեցինք թերթում, եւ կարծում էինք, որ դրանով սպառված է: Կարող եմ ասել ասել, որ մասնակի բավարարված ենք, կամ նույն ձեւով կարող եք ասել, որ մասնակի բավարարված չենք», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Երկիր» թերթի խմբագիր Բագրատ Եսայանը:

«Երկիրի» խմբագիրը հայտարարել էր, որ անգամ եթե 1 դրամի չափով բավարարվի հայցը, իրենք բողոքարկելու են, սակայն, այսօր, ըստ Բագրատ Եսայանի, դատավորը անակնկալ որոշում կայացրեց, եւ իրենք պետք է խորհրդակցեն` դիմե՞ն արդյոք Վերաքննիչ դատարան, թե ոչ:

please wait

No media source currently available

0:00 0:05:02 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG