Մատչելիության հղումներ

Նախկին ՀՀՇ-ականները նոր կուսակցություն են ստեղծում


«Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

«Ազատ ժողովրդավարներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:

Նորաստեղծ «Ազատ ժողովրդավարներ» կուսակցության կորիզը բաղկացած է հիմնականում «Հայոց համազգային շարժում» (ՀՀՇ) կուսակցության նախկին ղեկավար կազմից:

Նորաստեղծ քաղաքական ուժի հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին: «Ազատ ժողովրդավարներ»-ի նախագահը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, վարչության անդամներից է Հայաստանի նախկին արտգործնախարար, ՀՀՇ նախկին անդամ Ալեքսանդր Արզումանյանը, 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ձերբակալված եւ 1,5 տարվա ազատազրկման դատապարտված Մասիս Այվազյանը, Դավիթ Առաքելյանը, Հովհաննես Ղազարյանը (բոլորը ՀՀՇ վարչության նախկին անդամներ են):

Կուսակցությանը, ամենայն հավանականությամբ, կանդամակցի ՀՀՇ վարչության նախկին նախագահ Արարատ Զուրաբյանը:

Նորաստեղծ կուսակցության փոխնախագահ, քաղաքական վերլուծաբան Անուշ Սեդրակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ քաղաքական նոր ուժի ստեղծումը «կոլեգիալ որոշում» է եղել` հաշվի առնելով «ընդդիմություն-իշխանություն պատային իրավիճակը, նրանց միջեւ ծավալվող երկխոսության ոչ թափանցիկ լինելը, ղարաբաղյյան խնդիրը, երկրի տնտեսական վիճակը եւ ազատականության գաղափարների անտեսումը»:

«Այն, որ այդ ապստամբած, տառապած մարդիկ որոշել են գալ եւ իրենց պայքարը շարունակել նոր ուժերի հետ, նշանակում է, որ նրանք ունեն այդ ապստամբ ոգին, բայց, միեւնույն ժամանակ, չունեն հավատ գոյություն ունեցող ստրուկտուրաների [նաեւ ընդդիմության մեջ] նկատմամբ», - ասաց Սեդրակյանը:

Հարցին, թե արդյոք դա նշանակում է, որ անվստահություն կա Հայ ազգային կոնգրեսի նկատմամբ, նորաստեղծ կուսակցության փոխնախագահը արձագանքեց. - «Ոչ թե կա տոտալ անվստահություն, բայց համենայն դեպս Հայ ազգային կոնգրեսը պետք է որոշակի առումով վերանայի իր գործողությունները: Եթե նա ուզում է պահպանել այն ընտրազանգվածը, որ ինքը ուներ ժամանակին, այնուամենայնիվ, պետք է վերանայի մարտավարությունը… Չպետք է շարունակի այն ավտորիտար համակարգը, որ կա իր ներսում, պրոյեկտել հասարակության վրա, որովհետեւ, այնուամենայնիվ, Հայաստանի թե' իշխանությունը եւ թե' ընդդիմությունը, ցավոք, շարժվում են ավտորիտար համակարգերի սկզբունքով»:

Սեդրակյանի խոսքով, այսօր Հայաստանի իշխանությունը ավելի հանդուրժող է, քան ընդդիմությունը. - «Ավտորիտարիզմի դրոշը փոխանցվել է ընդդիմությանը»:

Նա նաեւ ընդգծեց, որ իրենք չեն պատրաստվում ներկայանալ որպես միակ եւ գլխավոր ընդդիմադիր ուժը Հայաստանում: Իրենք «թափանցիկ եւ կոլեգիալ ձեւով են իրականացնելու» իրենց գործունեությունը:

Սեդրակյանի համոզմամբ` «միտինգային» գործունեությունը սպառել է իրեն: Միտինգների փոխարեն նորաստեղծ կուսակցությունը պատրաստվում է հրապարակային ձեւով հանրությանը ներկայացնել մեխանիզմների մի փաթեթ բոլոր բնագավառների համար` թե' տնտեսության, թե' ղարաբաղյան հակամարտության կարգավորման եւ թե' մյուս կարեւորագույն խնդիրների շուրջ:

Հարցին, թե պատրաստվում են արդյոք համագործակցել Հայ ազգային կոնգրեսի հետ, «Ազատ ժողովրդավարներ»-ի փոխնախագահը արձագանքեց, թե կհամագործակցեն բոլոր այն ուժերի հետ, որոնք «շարժվում են ժողովրդավարական պլատֆորմով». - «[Եթե] Մենք կտեսնենք, որ իրականացվում են ռեալ ժողովրդավարական քայլեր, բացառված է, որ մենք չհամագործակցենք… Ժողովրդավարության առաջին պայմանը թափանցիկությունն է, ես չեմ տեսնում թափանցիկություն [Կոնգրեսի գործունեության մեջ]»:

Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելուն վերաբերող հարցին ի պատասխան Անուշ Սեդրակյանը ասաց, որ կմասնակցեն` եթե իրենց համակիրների թիվը «նույն ուժգնությամբ» շարունակի աճել: Այսօր կուսակցությունն ունի 1200 անդամ:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե «Ազատ ժողովրդավարներ» կուսակցությունը վայելում է Միացյալ Նահանգների հովանավորությունը, ինչով էլ պայմանավորված էր օրերս դեսպան Մարի Յովանովիչի հանդիպումը նորաստեղծ քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ` Անուշ Սեդրակյանը ասաց, թե «ԱՄՆ-ը ժողովրդավարության օրրան է եւ լիբերալ ուժերի կենտրոն», ուստի «իր ներկայացուցչական մարմինների միջոցով կապ է պահպանում բոլոր լիբերալ ուժերի հետ»:

Նա չկամեցավ մանրամասներ հաղորդել, թե ում նախաձեռնությամբ է տեղի ունեցել հանդիպումը եւ ինչ հարցեր են քննարկվել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG