Մատչելիության հղումներ

ՀԲ. «Համաշխարհային տնտեսությունը վերադառնում է իր նախկին հունը»


Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում

Համաշխարհային բանկի շենքը Վաշինգտոնում

Համաշխարհային տնտեսությունը վերադառնում է իր նախկին հունը, այն թեւակոխում է ավելի դանդաղ, սակայն ավելի կայուն աճի փուլ, ասված է Համաշխարհային բանկի (ՀԲ) հրապարակած «Համաշխարհային տնտեսական հեռանկարներ» (Global Economic Prospects) զեկույցում:

Ըստ զեկույցի, համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը աշխարհում 2010 թվականին արձանագրված 3.8 տոկոսից 2011-ին կնվազի մինչեւ 3.2 տոկոս, սակայն հաջորդ երկու տարիներին կկայունանա` կազմելով 3.6-ական տոկոս:

Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժն ու ցունամին եւ քաղաքական ցնցումները Մերձավոր Արեւելքում ու Հյուսիսային Աֆրիկայում փոքր-ինչ դանդաղեցրել են համաշխարհային արդյունաբերության եւ առեւտրի տեմպերը: Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, համաշխարհային տնտեսությունն աճում է ավելի արագ, քան կանխատեսվել էր:

Զեկույցի հեղինակներից Էնդրյու Բըրնսը ասում է, որ համաշխարհային տնտեսության աճը մեծապես պայմանավորված է զարգացող երկրների տնտեսությունների գրանցած աճով:

«Տնտեսական աճի հիմնական հատվածը բաժին է ընկնում զարգացող երկրներին, աճի տեմպերն այդ երկրներում կրկնակի ավելի կլինեն, քան զարգացած տնտեսությամբ երկրներում, որպես հետեւանք` աշխարհի տնտեսական աճի գրեթե 46 տոկոսը 2011-ին կգա հենց զարգացող երկրներից: Սա ոգեւորիչ նշան է թե' նրանց տնտեսության առողջացման, թե' համաշխարհային տնտեսությունում նրանց դերի մեծացման տեսակետից», - ընդգծում է Բըրնսը:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը այլեւս այն հիմնական ուժը չէ, որ թելադրում է տնտեսական ակտիվության տեմպը զարգացող երկրներում, փաստում է զեկույցը:

Զարգացող երկրների մեծ մասը կա'մ արդեն հաղթահարել են, կա'մ մոտ են ճգնաժամը հաղթահարելուն եւ իրենց տնտեսության նախկին մակարդակը վերականգնելուն:

Համաշխարհային բանկն ասում է` զարգացող երկրները պետք է փոխեն իրենց տնտեսական քաղաքականությունը ճգնաժամի դեմ պայքարելուց դեպի աճի խթանում:

Ի տարբերություն զարգացող երկրների, առավել զարգացած տնտեսություն ունեցող եվրոպական երկրները շարունակում են պայքարել ճգնաժամի առաջացրած խնդիրների հետ:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին ապա սպասվում է, որ տարածաշրջանում տնտեսական աճը կլինի միջինը 4.5 տոկոս` առաջիկա երեք տարիներին, հումքի բարձր գների եւ Ռուսաստանում ու Եվրամիությունում տնտեսական վերականգնման հետեւանքով:

Նավթով հարուստ Ադրբեջանում կանխատեսվում է 4.2 տոկոս աճ, եւ միեւնույն ժամանակ` ֆինանսական վիճակի բարելավում:

Հայաստանում եւ Վրաստանում, ըստ զեկույցի, չնայած սպասվում է 4.3 - 4.9 տոկոս աճ, սակայն երկու երկրների տնտեսություններն էլ զգայուն կլինեն շուկայի տրամադրությունների նկատմամբ այն պատճառով, որ բյուջեի պակասուրդը մեծ է:

Տրանսֆերտները (դրամական փոխանցումները), ըստ զեկույցի, կաճեն 7.5 տոկոսով 2011 թվականին եւ 9.4 տոկոսով` 2012-ին: Այս գործընթացը պայմանավորված կլինի հումքի բարձր գներով եւ միգրացիոն կենտրոններ հանդիսացող երկրներում տնտեսական աճով:

Մինչ այդ` 2010 թվականին տրանսֆերտները աննշան` 1.3 տոկոս աճ են գրանցել` 2008-ին եւ 2009-ին գրեթե մեկ քառորդով կրճատվելուց հետո:

Զեկույցը նշում է, որ մի շարք երկրների համար դրամական փոխանցումները արտարժույթի կարեւոր աղբյուր են, միեւնույն ժամանակ` դրանք մեծ ազդեցություն ունեն ներքին պահանջարկի ձեւավորման վրա, քանի որ մարդկանց եկամտի կարեւոր աղբյուրն են:

Այդպիսի երկրներից է Հայաստանը, որի համախառն ներքին արդյունքի 10 տոկոսը հենց դրամական փոխանցումներն են ապահովում: Նույն ցուցանիշն է նաեւ Բոսնիա եւ Հերցեգովինայում, իսկ Ալբանիայի, Ղրղըզստանի, Մոլդովայի եւ Տաջիկստանի դեպքում ցուցանիշը ավելի բարձր է` 18-35 տոկոս:

Համաձայն զեկույցի` Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում տնտեսության վերականգնման ավելի մեծ պոտենցիալ ունեն այն երկրները, որոնք զարգացած արտահանում ունեն, օրինակ` Լիտվան եւ Ռումինիան, որ արդյունաբերական ապրանքներ են արտահանում Եվրամիության շուկա, ամենաարագ աճն են արձանագրել:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG