Մատչելիության հղումներ

«Հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ - թուրքական հարցում անակնկալները չեն բացառվում»


Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
Հայ - թուրքական արձանագրությունների ստորագրման արարողությունը, Ցյուրիխ, 10-ը հոկտեմբերի, 2009թ.
«Հունիսի 12-ի ընտրություններից հետո հայ - թուրքական հարաբերություններում անակնկալ զարգացումները չեն բացառվում», - hամոզված է Թուրքիայի առաջատար իշխանամետ պարբերականներից մեկի՝ Sabah-ի մեկնաբան Յավուզ Բայդարը:

Անձամբ իշխող վերնախավի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի հետ բավական սերտ կապեր ունեցող լրագրողը անգամ չի բացառում, որ կարող է մի այնպիսի պահ գալ, երբ կողմերը կենտրոնանան ցյուրիխյան արձանագրություններից միայն մեկի վրա:

«Եթե Անկարան եւ Երեւանը համաձայնության գան, ապա չի բացառվում, որ վավերացվի արձանագրությունների միայն մեկը, դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն: Որպես արդյունք` կարող են գլխավոր հյուպատոսություններ բացվել Ստամբուլում եւ Երեւանում», - նշում է Բայդարը` հատուկ ընդգծելով, սակայն, թե շատ լավ ըմբռնում է, որ «հայկական կողմի համար առանցքային խնդիրը սահմանի բացումն է»:

«Չի բացառվում, որ կողմերը համաձայնության գան: Ամեն ինչ բանակցություններից է կախված: Ամեն դեպքում, նման զարգացման հնարավորությունն առկա է», - նշում է Sabah-ի հոդվածագիրը` չհստակեցնելով սակայն` արդյոք դա զուտ թուրքական կողմի՞ ցանկությունն է, թե՞ կոնկրետ ինչ-որ առաջարկ, որ քննարկվում է դիվանագիտական շրջանակներում:

«Ազատություն» ռադիոկայանի այս հարցին Բայդարը պատասխանեց հայ լրագրողների հետ Sabah-ի խմբագրությունում կազմակերպված հանդիպման ժամանակ, որի նախաձեռնողներն էին Ստամբուլում գործող Քաղաքական գլոբալ գործընթացների ուսումնասիրության կենտրոնն ու Երեւանի Մամուլի ակումբը:

Հայտնի թուրք լրագրողի խոսքով` հայ - թուրքական հարաբերություններին անդրադառնալիս լավ կլիներ նաեւ հիշել այն դերակատարության մասին, որ արդեն մի քանի տարի է, ինչ ստանձնել է երկրի նախագահը:

«Սա Թուրքիան է, եւ ամեն տեսակի անակնկալների պետք է պատրաստ լինենք: Թեեւ Ղարաբաղի հարցի պատճառով հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը հայտնվել է մեռյալ վիճակում, այնուհանդերձ, կա մեկը, որ ցանկանում է լուծել այս հարցը եւ ուշի ուշով հետեւում է դրան: Դա նախագահ Աբդուլա Գյուլն է: Թեեւ նրա իշխանությունը սահմանափակ է, սակայն մոռանալ նրա ունեցած ազդեցության ու հնարավորությունների մասին պետք չէ», - նշում է թուրք փորձագետը:

Ինչ վերաբերում է թուրքական իշխող զույգի երկրորդ` առավել ազդեցիկ անդամին` վարչապետ Էրդողանին, ապա այստեղ, Sabah-ի հոդվածագրի կարծիքով, ամեն ինչ ավելի բարդ է:

«Էրդողանն այս հարցում հաշվի է նստում մի շատ կարեւոր գործոնի՝ ադրբեջանցիների հետ: Հայ - թուրքական հարաբերությունների խնդրի վերադարձը օրակարգ, սակայն, կախված է մի հանգամանքից՝ արդյոք իշխող կուսակցության ազդեցիկ անդամների մեջ կգտնվե՞ն գործիչներ, որ կկարողանան նրան համոզել, թե դա անհրաժեշտ է», - ասում է Բայդարը:

Նա նաեւ նշում է, որ տարածված այն տեսակետը, թե Էրդողանը սկզբունքայնորեն դեմ է Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, այնքան էլ ճիշտ չէ:

«Էրդողանն ամեն ինչ հասկանում է եւ հարաբերությունների հաստատմանը դեմ չէ: Նա, սակայն, զուտ էներգետիկ գործոնից ելնելով չի կարող Ադրբեջանի հետ հաշվի չնստել: Սրան էլ գումարած` չենք կարող չնկատել, որ վերջին չորս ամիսներին՝ ողջ քարոզարշավի ընթացքում փաստորեն, Էրդողանը խիստ ազգայնական հռետորաբանություն էր որդեգրել: Եվ եթե հաշվի առնենք այն փաստը, որ ի դեմս Էրդողանի գործ ունենք խիստ պրագմատիկ եւ ամեն ինչ հաշվարկելու հակված գործչի հետ, ապա համոզված կարող եմ ասել՝ այն պահին, երբ նա քաղաքական շահավետություն զգա, հայ - թուրքական հարաբերությունների շուրջ կրկին առաջընթաց կարձանագրվի: Ավելին, նրա այս ազգայնական հայտարարությունների տոնայնությունը մեղմանալու է հունիսի 12-ի ընտրություններից անմիջապես հետո», - ասում է Բայդարը:

Ամեն ինչ սակայն, ըստ Sabah-ի հոդվածագրի, կախված է առաջիկա քվեարկության արդյունքներից:

«Եվ եթե Էրդողանի կուսակցությունը կարողանա 40-50 տոկոս քվե ստանալ, իրադարձություններն էլ կարծես հենց նման ընթացքով են զարգանում,ապա այդ դեպքում Հայաստանի հետ հարաբերություններում կարող են ավելի անհավանական եւ անսպասելի քայլեր արվել», - նշում է Յավուզ Բայդարը:

Ի դեպ, Յավուզ Բայդարի տեղեկություններով` ծայրահեղ ազգայնականների խորհրդարանում հայտնվելու հավանականությունը 50/50 է: Փակ հարցումները վկայում են, որ անցած տարի Անիի Մայր տաճարում խմբակային նամազ կազմակերպած կուսակցության վարկանիշը տատանվում է 9-11 տոկոսի միջակայքում:

Նույն հետազոտությունների համաձայն` Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին հանդես եկող քրդամետ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունն էլ հաջորդ գումարման մեջլիսում կարող է ունենալ առնվազն 30 տեղ` ներկայիս 20-ի փոխարեն:


Գեւորգ Ստամբոլցյան, Ստամբուլից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG