Մատչելիության հղումներ

Հունիսի 8-ի մամուլ


Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Մհեր Սեդրակյանի` օրերս մամուլին տված մի հարցազրույցի առիթով «Առավոտ»-ի խմբագիրը գրում է. - «Եթե պարոն Սեդրակյանը վերադառնում է քաղաքականություն, ես դրա մեջ տագնապալից ազդանշան եմ տեսնում: Հաշվի առնելով այս անձնավորության եւ նրա շրջապատի քրեական հակումները` կարելի է միանշանակ կանխատեսել, թե ինչպես են անցնելու ընտրությունները Էրեբունու վարչական տարածքում` խորհրդարանական, թե նախագահական, հերթական, թե արտահերթ, եւ ինչպիսի «ջախջախիչ» հաղթանակ են տանելու այնտեղ իշխանության կուսակցությունը եւ, իհարկե, անձամբ Թոխմախի Մհերը: Արգելել նման մարդկանց մասնակցել ընտրությունների, իհարկե, օրենքի կոպիտ խախտում կլիներ: Անհրաժեշտ էր (տեսականորեն հիմա էլ է հնարավոր) նույն օրենքի սահմաններում պատժել Թոխմախի Մհերներին` նախկինում կատարած ընտրակեղծիքների համար, որպեսզի նրանք մեկընդմիշտ մոռանան ընտրությունների, Ազգային ժողովի, պատգամավորական մանդատի եւ ընդհանրապես քաղաքականության մասին: Թե չէ` կեղծարարության այս վետերանները եւ նրանց «բիլակավոր» տղերքը հետեւողականորեն` սկսած 1995 թվականից, նպաստում են իշխանության վերարտադրությանը, եւ իշխանությունը, ի նշան երախտիքի, ոչ միայն «պրախոդներ» է տալիս նրանց բիզնեսում, այլեւ թույլ է տալիս նրանց շրջապատող թաղի խուժանին կատարել զանազան հանցագործություններ»:

«Ժամանակ»-ի խմբագրականն անդրադառնում է իշխանություն - ընդդիմություն երկխոսության ճանապարհին ստեղծված փակուղային իրադրությանը. - «Իշխանության մեջ գրեթե մարդ չմնաց, որ չարտահայտվեր երկխոսության վերաբերյալ ընդդիմության ներկայացրած օրակարգը մերժելու մասին, բայց կարծես թե պարզ է մի բան, որ իշխանությունն ինքնին դեռեւս չի արտահայտվել այդ մասին: Տվյալ պարագայում խոսքը Սերժ Սարգսյանի մասին է, քանի որ այլ կերպ դժվար է համարել, որ ասենք` Գալուստ Սահակյանը կամ Կարեն Կարապետյանը Հայաստանի իշխանությունն են: Գուցե դե ֆակտո դժվար է այդպիսին համարել նաեւ Սերժ Սարգսյանին, սակայն խնդիրն այն է, որ գոնե դե յուրե իշխանությունը հենց նա է եւ հենց նա է, որ այս ընթացքում առաջ է տարել իշխանական քաղաքականությունը ներքին գործընթացներում, որ կարծես թե հետաքրքրական թափով սկսեցին ընթացիկ գարնանը: Այսինքն` թեեւ իշխանության մեջ բոլորն արտահայտվել են, այսուհանդերձ իշխանությունն ինքը չի արտահայտվել, քանի դեռ չի արտահայտվել Սերժ Սարգսյանը»:

Թեմային անդրադառնում է նաեւ «Երկիր» օրաթերթը. - «Անձամբ Սերժ Սարգսյանից պատասխան սպասելու այս մտասեւեռումը հետեւանք է այն բանի, որ ՀԱԿ-ում պարզապես չեն կարողանում համակերպվել Տեր-Պետրոսյանին Էդուարդ Շարմազանովի կամ Գալուստ Սահակյանի մակարդակով պատասխանելու փաստի հետ: Եվ այդ մտասեւեռումը, անելանելի վիճակը ՀԱԿ-ին մղում է անտրամաբանական գործողությունների: Նախ՝ ասում էին, թե պատասխան են ակնկալում ոչ թե առանձին անձանցից, այլ կոալիցիայից: Հետո հանկարծ սկսեցին պնդել, թե ոչ թե կոալիցիան է իշխանությունը, այլ բացառապես Սերժ Սարգսյանը: Մի կողմից պնդում են, թե պատրաստ են բանակցել անգամ ամենացածրաստիճան չինովնիկի հետ, եթե նրա թեկնածությունն առաջադրի իշխանությունը, մյուս կողմից՝ չեն բավարարվում նույնիսկ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնական դիրքորոշմամբ»: «Նման տեմպերով շարունակելու դեպքում վաղը ՀԱԿ-ին անգամ չի բավարարի Սերժ Սարգսյանի կողմից` ձեռքն Ավետարանի վրա տված խոստումը», - հեգնում է թերթը:

Վերլուծելով Հայաստանի ներքաղաքական դաշտում առկա իրողությունները` «Հրապարակ»-ի քաղաքական մեկնաբանը կանխատեսում է. - «ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը կարող է իսկական աղետ դառնալ Հայաստանի մանրումիջին քաղաքական կառույցների ու միավորների համար: Եթե ի վերջո այս երկխոսությունը գլուխ գա, կամ այս անցուդարձի արդյունքում ՀԱԿ-ն ու իշխանությունը համաձայնեն բանակցելով գլորվել մինչեւ խորհրդարանական ընտրություններ եւ դրանց միջոցով փորձեն միմյանց միջեւ կիսել իշխանությունը, ապա մանրերի շանսերն ընդհանրապես կհավասարվեն զրոյի: Լա՞վ է դա, թե՞ վատ: Միանգամից պատասխանենք այս հարցին. լավ է կուսակցությունների ու քաղաքական ուժերի խոշորացման տեսանկյունից, բայց անշուշտ վատ` քաղաքական ներկապնակի առումով»:

«Կապիտալ» թերթն արձանագրում է. - «Այս տարի Կենտրոնական բանկի կողմից դրամավարկային քաղաքականության կոշտացումն ըստ էության թույլ ազդեցություն է ունեցել գնաճի վրա, եւ ԿԲ-ն որոշել է կանգ առնել ներկայիս մակարդակում։ ԿԲ խորհուրդը այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG