Մատչելիության հղումներ

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երեքշաբթի օրը ամբողջությամբ մերժեց «Հետք» պարբերականի լրագրող Գրիշա Բալասանյանի հայցը ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր (ՀՀԿ) Ռուբեն Հայրապետյանի:

Լրագրողը դատարանից պահանջում էր պարտավորեցնել պատգամավորին իրենից ներողություն խնդրել եւ մեկ միլիոն դրամ փոխհատուցում վճարել` իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու համար:

Գրիշա Բալասանյանը, հիշեցնենք, պատմել էր, որ փետրվարի 2-ին, երբ զանգահարել էր Ռուբեն Հայրապետյանի բջջային հեռախոսին հարցազրույցի մասին պայմանավորվածություն ձեռք բերելու համար, պատգամավորը իրեն նախ անվանել էր տգետ, հետո` հայհոյել ու ավելացրել, թե` «լավ արեցի»: Լրագրողը ձայնագրել էր հեռախոսազրույցը եւ դատարանին ներկայացրել ձայնագրությունը` որպես ապացույց:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրողն այսօր ասաց, որ իր համար անակնկալ չէր այսօրվա վճիռը, քանի որ դատավորի որդեգրած քաղաքականությունից հասկացել էր, որ ամեն ինչ տանում է դեպի հայցի մերժումը:

«Երբ փաստաբանս միջնորդություն ներկայացրեց դատարանին, որ դատարանը պահանջի Հատուկ քննչական ծառայությունից ապացույցները կամ Ռուբեն Հայրապետյանի բացատրությունները… դատավորը նշանակեց վճռի հրապարակման օր: Այդ քայլով ինքը ակնհայտ կերպով ցույց տվեց, որ հակված չէ գոնե ապացույցներն ամբողջությամբ ուսումնասիրել, անաչառ դատավարություն տանել: Իրենք արդեն ներքուստ իրենց գնաքննում են եւ գիտեն, որ պաշտոնյայի դեմ հայց է ներկայացված, բնականաբար, անկախ նրանից հիմնավոր է այդ հայցը թե ոչ, պետք է մերժվի», - հավելեց նա:

Հատուկ քննչական ծառայությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել` հիմնավորելով, որ պատգամավորը չի խոչընդոտել լրագրողի մասնագիտական գործունեությանը: Քննչական ծառայությանը տված իր բացատրությունում Ռուբեն Հայրապետյանը, չժխտելով կատարվածը, ասել էր, որ այդ օրն անտրամադիր է եղել, առողջական խնդիրներ է ունեցել, լրագրողին ուղղորդել է դիմել իր մամուլի քարտուղարին, սակայն երբ լրագրողը նորից է զանգահարել, վրդովվել է ու նրան անպատիվ խոսքեր է ասել:

Գրիշա Բալասանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդեց, որ միայն այս բացատրության հիման վրա դատարանը պետք է բավարարեր իր հայցը:

Լրագրողի կարծիքով, դատարանի այսօրվա որոշումը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ զրպարտության եւ վիրավորանքի ապաքրեականացումը ուղղված էր բացառապես լրագրողների դեմ:

Գրիշա Բալասանյանը վճիռը բողոքարկելու է վերաքննիչ դատարանում:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG