Մատչելիության հղումներ

Հայաստանում E coli վարակի դեպքեր չեն գրանցվել


Գերմանիայի հյուսիսում գտնվող Ուելզեն ֆերման:

Գերմանիայի հյուսիսում գտնվող Ուելզեն ֆերման:

Եվրոպական մի շարք երկրներում գրանցված E.coli աղիքային վարակի դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել:

«Հայաստանի Հանրապետությունում ներկայումս հանգիստ է իրավիճակը, մենք չունենք այդ դեպքերից», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարեց Առողջապահության նախարարության աշխատակազմի պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը` հավելելով. - «Սակայն, իհարկե, զգոնությունը բարձրացված է: Մեր կողմից նաեւ հսկողություն է սահմանվել: Եթե այն ուղեւորները, որոնք ժամանում են Երեւան, եթե լինեն նմանատիպ դեպքեր, անմիջապես կվերցվեն հսկողության տակ»:

Հայաստանի գլխավոր վարակաբան Արա Ասոյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին ասաց, թե, ամենայն հավանականությամբ, E.coli վարակի դեպք Հայաստանում գրանցվել է դեռ անցյալ տարի. - «Անկեղծ ասաց, ինձ մոտ տպավորություն կա, որ անցած տարի մենք ունեցել ենք նման մի քանի դեպք: Շատ լավ աշխատել ենք, աշխատել ենք համատեղ նույնիսկ որոշ այլ հիվանդանոցների մասնագետների հետ, գործիքային միջամտություն ենք կատարել… Այդ հիվանդների մոտ երիկամներն են ախտահարվում, վնասվում…Ես կարծում եմ, որ նման մի քանի դեպք մեզ մոտ եղել է, որովհետեւ այդ հարուցիչը մեզ հայտնի է»:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, E.coli աղիքայի վարակից Եվրոպայում շուրջ երեք տասնյակ մարդ մահացել է: Հիվանդությունն արձանագրվել է մոտ 2 հազար մարդու մոտ:

Սկզբնական շրջանում վարակի աղբյուր էր համարվում Իսպանիայում աճեցված վարունգը, սակայն այդ վարկածը հետագայում չհաստատվեց: Այժմ կասկածի տակ է ծլեցրած սոյան:

Միայն Համբուրգում, ըստ ԱՀԿ-ի, հիվանդների թիվը հասել է 1700-ի, որոնցից 570-ի մոտ բժիշկները կյանքին սպառնացող երեւույթներ են արձանագրել: Վարակի սկզբնաղբյուրը, ենթադրաբար, Համբուրգից ոչ հեռու գտնվող Ուելզեն ֆերման է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG