Մատչելիության հղումներ

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած Հայ ազգային կոնգրեսը չի ցանկանում արձագանքել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանի հայտարարությանը։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանը, ընդգծելով, որ Կոնգրեսը սպասում է գործող իշխանության` ի դեմս Սերժ Սարգսյանի պատասխանին:

Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը այսօր անընդունելի է որակել երկխոսության համար պատվիրակություն ձեւավորելու եւ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցելու` Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջարկը:

Նախագահի մամուլի ծառայությունից այսօր տարածված հաղորդագրության մեջ Կարեն Կարապետյանը նշել է. - «Թե՛ առաջարկվող ձեւաչափը, թե՛ դրվող հարցը, մեծ հաշվով, ուղղակի ինքնանպատակ են եւ, ինչպես դժվար չէր կռահել, անընդունելի: Իսկ «պատվիրակությունների բանակցություններ» արտահայտությունն այնպես ուռճացված ու գունազարդված է ներկայացվում, կարծես խոսքը վերաբերում է միջպետական բանակցություններին եւ ոչ թե իշխանություն - ընդդիմություն գործակցությանը, որի իրականացման՝ աշխարհում տարածված մեխանիզմները մեր երկրում կան, եւ որոնց վերջին տարիների ընթացքում ավելացել են նաեւ Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջ քաշված նոր ձեւաչափերը»։

Նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյան

Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաեւ ընդգծել է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժի հետ երկխոսությունը վաղուց սկսվել է, բավականին արդյունավետ ընթանում է, եւ արդեն իսկ հանգեցրել է մի շարք դրական փոփոխությունների։

«Դա պարզապես այնքան ակնհայտ է, որ երկխոսություն սկսելու մասին խոսելն առնվազն տարակուսելի է», - ասել է Կարեն Կարապետյանը։
Նախօրեին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարել էր, թե պատվիրակություն կազմելու իրենց առաջարկի շուրջ լուրջ կընդունեն միայն նախագահ Սերժ Սարգսյանի, կամ նրա կողմից լիազորված անձի տեսակետը։

Ավելի վաղ ընդդիմության հետ բանակցելու նպատակով պատվիրակություն կազմելու հնարավորությունը բացառել, եւ անգամ ծիծաղելի էին որակել Սերժ Սարգսյանի ղեկավարած Հանրապետական կուսակցության փոխնախագահները եւ կուսակցության մամուլի խոսնակը։

«Իշխանությունները, «ոչ» ասելով, հասկացված չեն լինի»


ՀԱԿ–ին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը խորհուրդ է տալիս չշտապել իշխանություն–ընդդիմություն երկխոսության մասին եզրակացություններում։

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք նախագահ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի այսօրվա հայտարարությունը չի նշանակում, որ իշխանությունը մերժում է ՀԱԿ-ի առաջարկները, Արամ Սարգսյանն ասաց, թե այդ հայտարարությունը դեռեւս հիմք չէ նման պնդում անելու համար:

Արամ Սարգսյան.
Իրենք պարտադրված են քայլ անելու, որովհետեւ ձեռք են տվել՝ պետք է խաղան...

«Իշխանություններն ասում էին, որ Նիկոլ Փաշինյանին եւ Սասուն Միքայելյանին բաց չեն թողնելու, որ Ազատության հրապարակում միտինգները թույլ չեն տալու, որ Մարտի 1-ի էջը փակված է: Բայց ինչպես տեսանք, դա այդպես չէր եւ իշխանությունները փոխեցին իրենց տեսակետը: Այնպես որ այստեղ էլ շտապել պետք չէ», – ասաց Արամ Սարգսյանը։ – «Իշխանությունները ոչ ասելով հասկացված չեն լինի թե՛ երկրի ներսում, եւ թե՛ դրսում։ Դա լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի իշխանություններին: Ես հակված եմ մտածելու, որ իրենք պարտադրված են քայլ անելու, որովհետեւ ձեռք են տվել՝ պետք է խաղան: Իսկ Կոնգրեսը ամեն ինչ անելու է, որ պարտադրի իշխանություններին այդ քայլերն անելու»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավարը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե իշխանություն-ընդդիմություն շախմատային խաղում այժմ շահեկան վիճակում են գտնվում իշխանությունները:

«Իշխանությունը տակտիկական առումով շահեկան վիճակում չէ, քանի որ նա համաձայնել է շախմատ խաղալուն։ Մենք քայլն արդեն արել ենք, շախ ենք հայտարարել, իսկ իրենք կանգնել ասում են՝ էլ չենք խաղում: Նման դեպքերում կամ որակազրկում են, կամ պատժում են»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG