Մատչելիության հղումներ

Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Լեռնային Ղարաբաղ


Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն

Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ռոբերտ Բրադկեն եւ Բեռնար Ֆասիեն

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեքշաբթի, Ադրբեջանից հատելով շփման գիծը, ժամանեցին Լեռնային Ղարաբաղ:

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարության տարածած հաղորդագրության համաձայն` միջնորդների մասնակցությամբ Աղդամ-Բարդա ուղղությամբ դիտարկում անցկացվեց, որի ժամանակ «կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չարձանագրվեցին»:

Երեկ համանախագահները Ադրբեջանում հանդիպել են նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ համանախագահները քննարկել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների հեռանկարները, նաեւ Կազանում հունիսի 25-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ համաձայնություն է ձեռք բերվել խաղաղապահ ուժերի մասին, որոնք տեղակայվելու են Լեռնային Ղարաբաղում: Այդ ուժերը, ըստ Մամեդյարովի, չեն լինելու ոչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող, ոչ էլ տարածաշրջանի երկրներից:

Սակայն Հայաստանի արտգործնախարարության աղբյուրները նշում են, որ չկա նման պայմանավորվածություն, քանի դեռ հստակեցված չէ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Ղարաբաղցի քաղաքագետ Մասիս Մայիլյանը այն կարծիքին է, որ դեռեւս վաղ է խոսել խաղաղապահ ուժերի մասին:

«Բուդապեշտյան գագաթնաժողովի որոշումներով խաղաղարար ուժերը կարող են տարածաշրջան մտնել միայն այն դեպքում, երբ կստորագրվի քաղաքական պայմանագիրը, որը, ինչպես գիտենք, ստորագրված չէ», - ասաց Մայիլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլ ավանում ընթացող «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները համատեղ հայտարարություն էին ընդունել Լեռնային Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ` կոչ անելով «քաղաքական կամք ցուցաբերել եւ հունիսին կայանալիք իրենց գագաթնաժողովի ընթացքում ավարտին հասցնել կարգավորման հիմնարար սկզբունքների շուրջ աշխատանքը»։

Համանախագահները այժմ Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում են, որտեղ վայելում են իրենց հանգիստը: Վաղը նրանք կհանդիպեն ԼՂ ղեկավարության հետ, իսկ Երեւան կժամանեն հունիսի 9-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG