Մատչելիության հղումներ

«Արամ Խաչատրյան» համերգասրահում երեքշաբի օրը մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 7-րդ միջազգային մրցույթը:

Մրցույթը, որ հիմնադրվել է Հայաստանի կառավարության կողմից Արամ Խաչատրյանի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ, ամեն տարի անցկացվում է տարբեր անվանակարգերում: Այս տարի այն անցկացվում է դաշնամուրի եւ կոմպոզիցիայի անվանակարգերում, ընդ որում` մրցույթի ծրագրում կոմպոզիցիայի անվանակարգն ընդգրկվել է առաջին անգամ:

Մրցույթն անցկացվում է երեք փուլով, եւ վերջին փուլում պարտադիր է Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից մեկի ամբողջական կատարումը:

Այդ տարի մրցույթին մասնակցում են 47 երաժիշտներ` 36 դաշնակահար (16-32 տարեկան) եւ 11 կոմպոզիտոր (առանց տարիքային սահմանափակման) աշխարհի տարբեր երկրներից (Իսրայելից, Կանադայից, Միացյալ Նահանգներից, Ավստրալիայից, Իսպանիայից, Լիբանանից, Չինաստանից, ԱՊՀ երկրներից):

Հայաստանի կառավարությունը հաղթողների համար սահմանել է դրամական պարգեւներ` 15, 10 եւ 5 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ համապատասխանաբար 1-ին, 2-րդ եւ 3-րդ մրցանակների համար:



Դաշնակահարների մրցույթի ժյուրիի նախագահը Սվետլանա Նավասարդյան է, կոմպոզիտորներինը` Ռոբերտ Ամիրխանյանը:

Անցած տարիների ընթացքում Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին մասնակցել են 250 երիտասարդ երաժիշտներ:

«Տարեցտարի ավելանում է մասնակիցների թիվը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց մրցույթի կազմակերպիչներից Արմեն Սմբատյանը: - «Նպատակը միայն մրցույթին մասնակցելը չէ: Ամենակարեւոր նպատակը նա է, որպեսզի կատարվի Արամ Խաչատրյանի երաժշտությունը: Եվ մեզ հաջողվում է դա կազմակերպել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG