Մատչելիության հղումներ

Թուրք գիտնականը վճռորոշ է համարում հունիսի 12-ի ընտրությունները


Ընտրություններ Թուրքիայում, արխիվային լուսանկար

Ընտրություններ Թուրքիայում, արխիվային լուսանկար

«Թեեւ իշխող իսլամիստներն առաջիկա ընտրություններում կհաղթեն, միեւնույն է` ողջ քաղաքական դաշտի համար սա վճռորոշ ու ճակատագրական քվեարկություն է», - համոզված է Մարմարայի համալսարանի պրոֆեսոր, ընտրական համակարգերի գծով երկրի առաջատար մասնագետը համարվող Օմեր Ֆարուք Գենչկայան:

«Կիրակի օրը կայանալիք ընտրություններից սպասումները Թուրքիայում բավական կտրուկ են: Կա'մ ընդդիմությունը պետք է գա իշխանության, կա'մ էլ իշխող կուսակցությունը պահպանի դիրքերը: Որեւէ միջին տարբերակ չի ընկալվում, հետընտրական կոալիցիաների ստեղծումը քիչ հավանական է», - նշում է թուքր գիտնականը: - «Մոտ մեկ շաբաթ առաջ անցկացված հարցումները վկայում են, որ առաջիկա ընտրություններին քվեարկողների 23-30 տոկոսը ձայն է տալու ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, եւս 12-15 տոկոսը` ազգայնականներին: «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կրկին առաջինն է լինելու, այլ հարց է, թե ի վերջո տեղերի ինչ համամասնություն կապահովվի խորհրդարանում»:

Վերջին օրերին թուրքական առաջատար երեք կուսակցությունների ներկայացուցիչները ակտիվ քարոզչություն են ծավալել երկրի քրդաբնակ շրջաններում: 16 տարի տեւած ընդմիջումից հետո երկուշաբթի օրը թուրքական Քուրդիստանի ոչ պաշտոնական մայրաքաղաք համարվող Դիարբեքիրում նախընտրական հանրահավաք կազմակերպեց «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Վարչապետ Էրդողանը Դիարբեքիր ժամանեց անցած շաբաթավերջին` իր ողջ նախընտրական ելույթը կառուցելով թուրքերի եւ քրդերի միջեւ մահմեդական եղբայրության գաղափարի շուրջ: Դա, ըստ Մարմարայի համալսարանի պրոֆեսորի, պատահական չէ:

«Քեմալականների տեսանկյունից` ազգային փոքրամասնություններին մեծ իրավունքներով օժտելը վտանգավոր է պետության համար: Իսլամիստների եւ կրոնապաշտների տեսանկյունից եթե նայենք այս հարցին, ապա նրանք ասում են` «մենք դեմ չենք բազմազան եւ բազմամշակութային հասարակության ի հայտ գալուն»: Միաժամանակ, նրանք համոզված են` փոքրամասնությունները պետք է իրենց տեղն իմանան, որոշակի տարածություն պահպանեն [թուրքերից] եւ շատ չմերձենան», - նշում է գիտնականը:

Ի դեպ, օրերս հրապարակված եւս մեկ հարցման համաձայն` թուրքերի 57 տոկոսն ասել է, որ որեւէ դեպքում չէր ցանկանա, որ իր որդին կամ դուստրը ամուսնանա քրդի հետ: Եվս 43 տոկոսը կտրականապես դեմ էր հանդես եկել անգամ ազգությամբ քուրդ հարեւան ունենալու գաղափարին: Այս ամենի ֆոնին, մի շարք թուրք վերլուծաբանների կարծիքով, խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսի նվազագույն շեմը, որը, ի դեպ, ամենաբարձրն է աշխարհում, հենց քրդական ներկայությունը Ազգային մեծ ժողովում սահմանափակելուն է միտված:

Արդյո՞ք թուրք շարքային ընտրողը վստահում է ընտրությունների արդյունքներին. Օմեր Ֆարուք Գենչկայայի կարծիքով` սա մի հարց է, որ հրատապ կմնա դեռ երկար ժամանակ, քանի դեռ կա զինվորականների` քաղաքականությամբ զբաղվելու իրողությունը:

«Անվստահությունն ընտրությունների հանդեպ կա միշտ եւ ամենուրեք: Իհարկե, ընտրական գործընթացը դատական հսկողության տակ է նաեւ, թեեւ բազմաթիվ կարծիքներ ու դժգոհություններ, այնուհանդերձ, հնչում են: Մեր տիպի պետություններում սակայն, ցավոք սրտի, չնայած բոլոր փորձերին` բանակը դեռ շարունակում է լուրջ դերակատարություն ունենալ: Այդ իսկ պատճառով, ցանկացած իշխանափոխություն բավական ծանր է ընկալվում: Մեզ միշտ թվում է, որ նոր իշխանության եկածն այդ հաջողությանը հասել է ինչ-ինչ մեքենայությունների միջոցով», - նշում է թուրք գիտնականը:


Գեւորգ Ստամբոլցյան, Ստամբուլից

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG